Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արցախի հերոս, ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը երկուշաբթի առավոտյան դուրս է գրվել հիվանդանոցից: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց նաեւ նրա խորհրդական Վարդան Վարդանյանը: Նրա խոսքով, գեներալը արդեն լավ է եւ, քանի որ նաեւ ԵԿՄ վարչության նախագահն է երեքշաբթի օրվանից կանցնի բնականոն աշխատանքի: «Չնայած նա անգամ հիվանդանոցում հետեւում էր քաղաքական զարգացումներին»,- ավելացրեց Վարդան Վարդանյանը: NEWS.am-ի տեղեկություններով՝ Մանվել Գրիգորյանը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո մասնակցել է հարազատների Սբխեչի արարողություններին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արցախի հերոս, ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Նրա մոտ որոշակի առողջական բարդություններ էին առաջացրել եւ հիվանդանոցում ձեռնարկվում էին բոլոր անհրաժեշտ մասնագիտական միջոցառումները: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատել էր Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանը: «Մանվել Գրիգորյանի վիրահատությունը Փարիզում հաջող է անցել: Խնդիրն այն է, որ անհրաժեշտություն է եղել նաեւ հետվիրահատական որոշ պրոցեդուրաներ անցնել, որոնք նախօրոք պլանավորված են եղել: Բժիշկները գեներալին զգուշացրել են, որ չի կարելի ամբողջ կուրսը չավարտած վերադառնալ Հայաստան, որ մեկ ամիս չի կարելի անգամ ինքնաթիռ նստել: Սակայն, Մանվել Գրիգորյանը որոշել է, որ ինքն անձամբ պետք է մասնակցի դեպի Արցախ ուխտագնացությանը եւ ժամանակից շուտ ինքնաթիռով վերադարձել Հայաստան»,- ասել էր Վարդան Վարդանյանը:





























