Ծածկած շուկայի վերակառուցումը ստիպեց մտածել եւս մեկ խնդրի մասին: Թեեւ առաջինը՝ հուշարձանի աղավաղումը, արդեն իսկ բավական է: Բայց ավելանում է նաեւ երկրորդը: Երբ Երեւանում շենք է կառուցվում, քաղաքային իշխանություններին չի մտահոգում՝ բնակելի է այդ շենքը, սուպերմարկետ, թե գրասենյակային կենտրոն: Իսկ դրանցից յուրաքանչյուրը յուրովի է ազդում իր շուրջ տրանսպորտային հոսքի վրա:
Եւ եթե Ծածկած շուկա, որպես կանոն, ոտքով էին գնում, ապա կենտրոնում տեղակայված սուպերմարկետներին մոտենալու համար ոչ քիչ մեքենաներ են հարկավոր: Մոտենալը կես գործն է, իսկ ո՞ւր հեռանալ: Ծածկած շուկայից կամ ստորգետնյա թունել, ուր մեքենաները մեծ արագությամբ են ընթանում, կամ էլ նեղ, մեգծանի շրջանցող ուղի: Շուկայի մոտ, ի դեպ, հասարակական տրանսպորտի կանգառ էլ պետք է գործի: Սուպերմարկետի պես «թեժ կետի» մոտ դրա հարեւանությունը քաղաքացիներին բազմաթիվ անհարմարություններ է պատճառելու:
Այն մասին, որ սուպերմարկետներին կանգառներ են հարկավոր, վկայում է մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ գտնվող SAS սուպերմակրետի օրինակը: Ընդամենը 50 մետր բարձրացնելով տրանսպորտի կանգառը, իրավիճակը փոքր-ինչ մեղմվեց: Բայց այդ սուպերմարկետի մոտ ի սկզբանե ազատ տարածք կար: Իսկ Ամիրյան փողոցի եւ «Բարեկամություն» կայարանի մոտ գտնվող SAS սուպերմարկետներին մոտենալ-հեռանալն արդեն իսկ լուրջ խնդիր է:
Այստեղ էլ հարց է ծագում՝ գոյություն ունե՞ն Հայաստանում առեւտրի խոշոր օբյեկտների կառուցման նորմատիվներ, թե՞ ոչ: Օրինակ, քանի՞ սուպերմարկետ՝ պարտադիր ավտոկանգառով, պետք է լինի վարչական ամեն շրջանում:
Ինչպես պարզվեց, նման նորմեր, ոչ Շինարարական նորմերի եւ կանոնների, ոչ էլ քաղաքային իշխանությունների հանձնարարականների մակարդակով, չկան: «Երեւաննախագիծ» ինստիտուտում մեզ ծանոթացրին սոցիալական սպասարկման խորհրդային նորմերի հետ: Հազար մարդու համար նախատեսված էր 280 քմ-ից ոչ ավելի խանութ, այդ թվում՝ սննդամթերքի խանութները՝ 100 քմ: Ընդ որում, այն ժամանակ էլ դա պարտադիր բնույթ չէր կրում, իսկ հիմա...
Միգուցե այդ թվերը կարելի է մեծացնել, բայց քաղաքային իշխանությունը պետք է որոշի: Պետք է մեկնակետ՝ հասկանալու, երբ է սուպերմարկետը հարկավոր քաղաքին, եւ երբ՝ միայն սեփականատիրոջը:
Արեւմուտքում, օրինակ, նման նորմերը շատ վաղուց գործում են եւ շատ խստորեն, քաղաքի նախագծի շահերից ելնելով:





























