ԱԺ գործարար պատգամավոր, «Հրազդան» մարզադաշտի եւ տոնավաճառի սեփականատեր, ազատամարտի մասնակից Աշոտ Աղաբաբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմում է, որ լինելով դպրոցի տնօրենի որդի՝ 9-րդ դասարանից «գռուզչիկ» է աշխատել, իսկ մինչեւ 8-րդ դասարանը դասընկերները իր հետ չեն խոսել, ուսանողական տարիներին ամենաշքեղը եւ ճաշակովը ինքն է հագնվել ու մինչեւ այսօր էլ բրենդամոլ է: Նա ներկայացնում է, թե քաղաքում ինչպես է ճանաչում ստացել, ինչպես է ընտանիքի անդամներից գաղտնի մեքենան վաճառել, զենք գնել, պատերազմ գնացել, միլիոնատեր դարձել, Ռուսաստանի պաշպանության նախկին նախարար Գրաչովի թոռան կնունքի քավորը դարձել, Գալուստ Սահակյանի հետ խնամիացել ու ծեծելով դաստիրակել «միլիցեքին ու ջեբկիրներին»:
Հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ.
Պարոն Աղաբաբյան վերջին անգամ, ե՞րբ եք աչքի անցկացրել ձեր ընտանեկան ալբոմը: Ինչպիսի՞ ընտանիքում եք մեծացել, որտեղի՞ց են ձեր նախնիները:
Մեր ընտանեկան ալբոմը նկարների տեսքով ոչ միայն շրջապատում են իմ չորսբոլորը, այլեւ իմ մեջ են: Բացի այդ, իմ տան վերեւի հարկը հորս պապի, պապուս և հորս նկարներով պատկերասրահ եմ դարձնելու, որտեղ ներկայացվելու է մեր ազգի պատմությունը: Այսինքն` սկսելու եմ մի գործ, որը սերնդեսերունդ շարունակվի եւ փոխանցվի:
Հորս կողմը Ղարսից է, մորս կողմը՝ Էրզրումից: Ծնվել եւ ապրել եմ Սիլաչի` Սարաջովի հայաթում: Մինչեւ այսօր այդ բակում շատ կարոտ ունեմ: Ես տան փոքրն եմ` 3-րդը քրոջիցս եւ եղբորիցս հետո: Մեր ընտանիքը միշտ մի սեղանի շուրջ է ճաշել, ու մինչեւ տատիկը չգար, ոչ ոք իրավունք չուներ հացին ձեռք տալ: Տատս տան մեծն էր։ 93 տարեկան հասակում մահացավ եւ տեսավ թոռան թոռին:
1959թ-ին Շահումյանում հայրիկիս բնակարան տվեցին, եւ տեղափոխվեցինք: 1-ին դասարան գնացել եմ Դանիել Վարուժանի անվան դպրոցում, որտեղ հայրիկս ուսմասվար էր, իսկ հետո նշանակվեց 112 դպրոցի տնօրեն: Հորս դպրոցում սովորած աշակերտներից այսօր շատերն են կայացել եւ անհատականություններ դարձել՝ Սամվել Ալեքսանյան, Վահան Զատիկյան եւ այլն:
Մեր տունը Շիրակ հանրախանութի մոտ էր, մայրս այդ խանութի հաշվապահն էր: Հետո ես այդ խանութը գնեցի եւ նվիրեցի մամայիս: Իմ ծնողները պայքարել են, որ երեքս էլ բարձրագույն ավարտենք, եւ այդպես էլ եղել է: Եղբայրս ֆիզկուլտն է ավարտել, քույրս՝ համալսարանի բիոքիմիան, ես՝ համալսարանի տնտեսագիտականը: Մենք էլ ձգտել ենք, որ մեր երեխաները բարձրագույն ավարտեն:
Հայրական ի՞նչ խորհուրդ կհիշեք:
Նախ մեր ազգանվանը հավատարիմ ենք ապրում: Մեր ազգանունը սկսվում է աղա բառից: Ծնողներս էլ են այդպես ապրել, ես էլ եմ այդպես ապրում, երեխաներս էլ: Մեր մեջ նստած են հորս խորհուրդները: Նա դեռ մանկուց է ասել, որ մեր գենը երբեւիցե վատություն չի անում, որովհետեւ եթե լավություն չենք անում, արդեն վատություն է: Դա մեր ընտանիքի լոզունգն է եղել: Մենք երբեք թշնամիներ չենք ունեցել: Թշնամի ձեռք ես բերում, երբ ստում ես, խաբում ես կամ էգոիստ ես: Մենք մեզ միշտ տեր ենք զգացել ու ամենուր տիրոջ իրավունքն ենք ունեցել, որովհետեւ տիրոջ իրավունքը քեզ թույլ է տալիս եւ ազնիվ լինել եւ կողքը լինել եւ օգնել: Մենք կյանքում թեթեւ եւ թաքուն չենք ապրել:
Բակում, մանկապարտեզում, դպրոցում, համալսարանում ինչո՞վ էիք աչքի ընկնում: Ինչի՞ շուրջ էին ձեր կռիվները` ազդեցությա՞ն, աղջիկների՞, թե՞ այլ բաների: Նաեւ ասում են, որ մինչեւ հիմա շատ լավ ֆուտբոլ եք խաղում:
Դպրոցում մինչեւ 8-րդ դասարան համարյա թե ինձ աշակերտ չեմ զգացել, քանի որ մեր դասարանի երեխաները շատ քիչ են իմ հետ շփվել: Նույնիսկ չէի ցանկանում դպրոց գնալ: Հետո 8-րդ դասարանից հետո երեկո կազմակերպեցինք, լավ խմեցինք, եւ 8-րդ դասարանում մեր դասարանի մի աղջկա հետ առաջին անգամ պարեցի: Այսինքն` ոչ թե ես չէի ուզում, այլ կապանք կար, որ տնօրենի տղա էի, իրենք ամաչում էին շփվել, ես էլ մանթրաշ էի: Հետո այդ երեկույթից հետո եկանք մեր տուն, մի հատ «ակարդիոնիստ» Ռուբո ունեինք, Անդրանիկի, Սերոբ փաշայի մասին էինք երգում, որն այդ տարիներին արգելված էր: Իսկ բակում կաշկանդվածություն չկար:
Իսկ մեր բակի, իմ շրջապատի աղջիկներին որպես քույր էի ընդունում ու քրոջ պես տիրություն անում: Աղջիկներն ինձ համար սրբություն են եղել: Դպրոցում նաեւ հոբոյ եմ նվագել: Դա կամերային երաժշտության թագուհի գործիքն է: 3-րդ դասարանից ընդգրկվեցի օրկեստրում եւ մինչեւ 9-րդ դասարան նվագել եմ:
Գալուստ Սահակյանի հետ ինչպե՞ս խնամիացաք:
Իմ առաջին տնօրենը եղել է Գալուստ Սահակյանի հայրը` Գրիգոր Սահակյանը: Նա եւ քույրս մի դասարանում են սովորել: Նրանց դպրոցական սերն էր: Հայրս քրոջս Գալուստին չէր տալիս: Գրիգորիչը շատ աշխույժ տղերքից էր` բլատնոյ: Գրիգոր ձյաձյան 2 անգամ եկավ քրոջս ձեռքը խնդրելու, չտվեցին, հետո քույրերը եկան, որ բարձրակարգ մանկավարժներ են: Վերջում էլի Գրիգոր ձյաձյան եկավ եվ հայրիկիս հարցրեց, որ եթե տան մեծն իր համաձայնությունը տա, ինքը կհամաձայնի՞, ինչին հայրս ասաց՝ այո: Եվ երբ տատիկիցս հարցրեցին, տատս ասաց, թե «Գալուստից բացի, թոռանս ուրիշի չեմ տա»: Գալուստը իմ մեծ ախպերն ա, ու կյանքում իր խորհուրդները ինձ շատ են օգնել:
Նախկինում շատ դժվար էր գեղեցիկ հագուստներ, իրեր ձեռք բերելը: Ունեցե՞լ եք մի հագուստ կամ իր, որով ձեզ ժամանակին լավ եք զգացել:
Անկեղծ ասած՝ ես չեմ հպարտացել, թե ես այս ունեմ, նա չունի: Բայց հիշում եմ, որ 8-րդ դասարանում տատիկս ինձ ժամացույց գնեց: Մեր դպրոցի տնօրեն Ամիրյանը շատ խոզ մարդ էր, ասաց՝ իմ տղան առաջին կուրսում է եւ նա ժամացույց չունի: Ես էլ ասացի՝ եթե ձեր որդին ժամացույց կապելով պետք է տղամարդ դառնա, դա ձեր մտածողության խնդիրն է: Զանգել էր հորս, թե. «Տղայիդ ասա ինձ քիչ պատասխանի»: Հայրս էլ նրան խորհուրդ տվեց ընենց հարցեր տալ, որ չպատասխանեմ:
Ծառայել եք խորհրդային բանակում: Այս տարիների ընթացքում, երբեւէ պատահաբար հանդիպե՞լ եք ձեր ծառայակիցներին կամ ղեկավարությանը: Դժվարությա՞մբ եք հիշել նրանց, կամ նրանք՝ Ձեզ:
Երբ առաջին կուրսում էի, հայրս չգիտեր, որ համալսարան եմ ընդունվել: Քույրս ու Գալուստը իմ կողքից տեղ չէին գնում եւ ինձ հետ պարապում էին: Քույրս ոսկե մեդալակիր էր: Մայրս մի օր եկավ ասաց, թե մարդիկ ասում են, թե ինչի՞ բանակ չեմ գնում: Ասացի՝ վաղը գնում եմ զինկոմիսարիատ: Հայրս այդ ժամանակ իմացավ, որ ես առաջին կուրսի ուսանող եմ: Անհավատալի բան կասեմ. գնացի գործերս փոխեցի հեռակա ու գնացի ծառայելու, որ հորս վրա բիծ չլինի: Տարան Թիֆլիս, հայրս մինչեւ Թիֆլիս հետեւիցս եկավ, թեեւ իր զգացմունքների մասին երբեք չէր բարձրաձայնում: Կամբատս հետագայում դարձավ Ռոստովի նահանգապետ: Հիշում եմ, երբ եկավ Հայաստան, Սերժ Սարգսյանը կանյաչնի էր հրավիրել, եւ այնտեղ ներկաներից մեկն ասաց. «Վիկտոր Գերմանովիչ, Ձեր ադյուտանտն այստեղ է»: Միանգամից ասաց՝ Աշոտ Աղաբաբյան: Չպատմելու մոտիկ ենք եղել, բայց որ այդպես կհիշեր՝ զարմացա: Թիֆլիսում մի քանի ամիս եմ ծառայել, հետո տեղափոխվել եմ Գյումրի, որտեղից եւս շատ թանկ հուշեր ունեմ:
Երեւանի հին տղաներից եք համարվում: Ինչի՞ շնորհիվ ճանաչում ստացաք, եւ ե՞րբ ձեր անունը քաղաքում լայն հնչեղություն ստացավ:
Հիշողությունս քանդում եմ, տեսնեմ՝ ինչ կա տակը: Տատիկիս քուրը` Արուսյակը, մեզ շատ ոսկեղեն եւ գեղեցիկ հագուստներ էր ուղարկում, եւ ուսանողական տարիներին ամենագեղեցիկն ու ճաշակովը ես էի հագնվում: Ես փոքրուց սիրել եմ ճաշակով, շքեղ հագնվել: Իմ ամենաառաջին ավանտյուրան եղել է համալսարանում: Ուսանողական գարուններ կային: Երաժշտական բոլոր խմբերը համալսարանում ելույթ էին ունենում: Ուսանողական գարունների ժամանակ կինո «Մոսկվայի» 25 կոպեկանոց տոմսերից առանք ու «Ուսանողական գարուն»-ի ժամանակ սկսեցինք վաճառել: Այդ ժամանակ Հրանուշ Հակոբյանը երկրորդ քարտուղարն էր: Մինչեւ սրանք գլխի ընկան, որ տոմսը ձրի է, արդեն տոմսերը վաճառել էինք:
Այդ ժամանակ «Կռունկ» ռեստորան կար, տակը «պիվնոյ» էր, Սիմոն Տերյանն էր երգում: 20 ռուբլիով ռեստորան էինք մտնում, ինչ ուտեինք խմեինք, 7 ռուբլի հազիվ բռներ: Հինգանոցներն էլ հո շաբաշ չէինք տալիս: Տերյանին մի լավ երգացնում էինք, եւ քաղաքով մեկ խոսում էին այդ մասին:
Այն ժամանակ համալսարանը մեծանալու, ուժեղանալու դպրոց էր: Մեր սերունդն է էլի, որ էսօր Էրեւան հասկացողությունը գիտի՝ ինչ է: Նստած էինք՝ Ջիվանն է, Մալխասը, Հակոբիչը, մեկը ասեց՝ «դե, մենք էրեվանցիներով», ասացի. «Ես էրեւանցի չեմ, ես մայրաքաղաքցի եմ: Ով գալիս է այստեղ, մի հինգ տարի ապրում է, ասում է՝ երեւանցի եմ: Մենք մայրաքաղաքցի ենք` փողոցում չենք թքում, պապիրոսը չենք գցում, թե չէ էսօր ով ասես՝ երեւանցի է:
Ե՞րբ վաստակեցիք Ձեր առաջին աշխատավարձն ու առաջին միլիոնը եւ ինչի վրա ծախսեցիք:
9-րդ դասարանում ես Մետաքսի կոմբինատի բոժոժի ցեխում առանց պապայի իմանալու գռուզչիկ եմ աշխատել: Երկու ամսում համարյա 180 ռուբլի ստացա: Ակվարիում ռեստորանի ներքեւը արտելներ կային, կտոր ընտրեցի, ինձ, պապային եւ ախպորս կոստյում կարել տվեցի: Երբ տարա տուն, պապան ապշել էր: Հիշում եմ, ասաց. «Աշոտ, դպրոցի տնօրենի տղան ոնց կարա գռուզչիկ աշխատի»: Բայց ես շարունակեցի աշխատել: Իսկ մինչեւ առաջին միլիոնին հասնելը պատմեմ, որ քաղաքապետի ընտրությունների ժամանակ Արմենը քաղսովետի դեպուտատներից էր եւ առողջապահության հանձնաժողովի նախագահը: Ես նրան չէի ճանաչում: Աշոտ Նավասարդյանին ասել էի, որ իմ հնարավորություններով կարող եմ այնպես անել, որ Յուրի Բախշյանը քաղաքապետ դառնա Վահանգն Խաչատրյանի փոխարեն, ու շատերն էին ինձ խոստումներ տվել: Բայց Մելիք Ադամյան դահլիճում Արմենը մոտեցավ ինձ եւ ասաց, որ ինձ շատ լավ է ճանաչում ու ով ինչ խոստացել է, չի լինելու: Ասաց, որ եթե իր հանձնաժողովից յոթ հոգի դեմ քվեարկի, Վահագն Խաչատրյանը չի անցնի: Ասացի՝ առաջին քվեարկությունից հետո կերեւա, ու իր ասածով էլ եղավ: Էտ օրվանից Արմենին ասացի, եթե կընդունես, դու իմ ընկներն ես: Հետո Յուրա Բախշյանը եկավ, բա «Սերգեւիչ, մենք պայմանավորվածություն ունենք, որ Վահագնը ընտրվի, ես էլ տեղակալ դառնամ»: Ասացի, գնա, ինքը երկու անգամ էլ չի ընտրվի, դու կընտրվես: Երկրորդ անգամ էլ Վահագնը չընտրվեց: Հետո Աշոտ Նավասարդյանը զանգեց, ասաց. «Լեւոնն ա զանգել, թող Վահագնը ընտրվի»: Ասացի. «էս մարդիկ ինձ հավատացել են, ո՞նց ասեմ ինձ մի հավատացեք»: Ասաց. «Մի բան արա»: Արմենին կանչեցի, ասացի, որ եթե քաղաքական որոշում կա, այդպես պետք է անենք: Դրանից հետո ինձ նշանակեցին «Հրազդան» ստադիոնի տնօրեն: Աշոտին ասացի. «Չեմ ուզում», ինքն էլ ասաց, որ մենակ ես գլուխ կհանեմ շատ վատ վիճակում է ու երկու անգամ թալանված: Երկու ամիս իմ հրամանը տվել էին, բայց ես չէի գնում, որովհետեւ չէի ուզում, որ իմ տեղը մարդ հանեին: Ես կյանքում անեծքից հեռու եմ ապրել: Գալուստն ասաց. «Աշոտ, դա եզակի կառույց է, ու դա ամեն մարդու տրված չի: Դու պետք է ցույց տաս, որ ոչ միայն պատերազմ, այլեւ տնտեսական դժվարություն ենք հաղթում»:
Եվ ինչպե՞ս ոտքի հանեցիք: Ասում են՝ շատերի հետ եք «մենամարտի» բռնվել:
Այստեղ նախկինում էլ տոնավաճառ կար ու ուրիշ ոչ մի բան: Տոնավաճառն ուսումնասիրելուց հետո հասկացա, որ լիքը փայատերեր կան` Կիլիկիացի Սմբո, Շահումյանի միլպետ, Կոնդեցի չգիտեմ ով: Բացի այդ, մուտքը գումարով էր, մարդ պետք է փող տար, որ մտներ առեւտուր աներ կամ չաներ: Դա վերացրի: Միջոցները քչացան, բայց սկսեցին շատ մարդ ու առեւտրականներ գալ: Իմ ընկերներին բերեցի, գործի դրեցի: Հին աշխատողներին բոլորին վերականգնեցի ու աշխատավարձերը այնքան բարձրացրեցի, որ Հայաստանում նման աշխատավարձ չկար:
Հետո սկսեց «ապերո տղերքի» հետապնդումը. միլիցեքին, ջեբկիրներին, թալանչիներին բռնեցինք: Մի օր իմ մոտ միլիցեն առեւտրականին ասում է. «Էս ֆիրմա յառլիկով կոշիկը որտեղից, վեշերդ հավքի գնացինք բաժին»: Ասացի. «Իսկ այդ իրավունքը քեզ ո՞վ է տվել»: Բա թե. «Իրավունքը ես եմ» ու էդ պահին մի հատ հո չկպցրի, ոտները տակից փախավ, գլխարկը թռավ: Ասացի. «Ամեն ինչ սրանից է սկսում, էս քերոբները, ջեբկիրները, գողականները ինչից պետք է վախենան»: Միլպետը զանգեց, թե պարոն Աղաբաբյան, իմ աշխատողը բողոք ք գրել, ասի. «Մի հատ էլ դու գրի, իսկ եթե չես կարա, արի ստեղ»: Եկավ, ասացի. «Երկու ականջներդ կկտրեմ, կդնեմ գրպանդ, մի հատ միլիցա չմտնի տարածք»: Մի 50 միլիցա էր լինում, հաջորդ օրվանից մի հատ միլիցա չկար: Ով փայի համար գալիս էր մոտս, ասում էի. «Քաչալցրեք, մտցրեք պադվալ»: Հետո հարկայինը եկավ, թե բա. «20 միլիոն գրի, չստուգենք գնանք»: Դրա ձեռներն էլ ոլորեցին տարան: Ամբողջ ստադիոնի վերականգնումը սկսեցինք: Տոնավաճառը սկսեց հզորանալ ու բյուջեն լցվել: Դրանից հետո նոր գործեր նախաձեռնվեցին եւ այլն, եւ այլն:
Պատերազմից առաջ նման վտանգ զգո՞ւմ էիք։
Առաջին անգամ, երբ Աշոտ Նավասարդյանի հետ ծանոթացա, դեռ կոմսոմոլի կենտկոմում էի: 1988 թվականն էր, ինքը նոր էր ազատվել: Ինձ համար մեծ գաղտնիք էր, թե ինչ բան է քաղաքական ռեցեդեւիստը: Այն ժամանակ քաղաքական դաշտում դա ամենաբարձր պատիվն էր: Այսինքն` ինքը 3 անգամ հանցագործության համար չէր նստել, այլ՝ գաղափարի: Հիշում եմ, որ ասաց՝ մեկա, կռիվ է լինելու, Ղարաբաղը հենց այնպես չի տրվելու: Մի օր Արտաշատից գալիս էինք ես, Վազգեն Մանուկյանը, Աշոտ Նավասարդյանն ու Սմբատ Հակոբյանը: Աշոտն ասաց. «Վազգեն, չես ջոգում, էս գնացքն անդունդն է գնում, թռնել է պետք»:
Մի դեպք պատմեմ. Հրանուշ Հակոբյանի հայրը եղել է իմ պապայի կուրսեցին, ընկերներ էին: Հրանուշին մի օր ասացի. «Ղարաբաղում վիճակը վատ է, մի քի փող դուրս գրի, Ղարաբաղ խաղալիք տանենք»: 30 հազար ռուբլի դուրս գրեց: Նա կոմերիտմիության քարտուղարն էր: 3 արկղ խաղալիք գնեցինք: Մի օր ասաց. «Աշոտ, դու ոնց որ էս խաղալիքների հետ էլի բան ես տանում»: Գլխի էր ընկել: Ղարաբաղի օդանավակայանում ադրբեջանցիների ՕՄՕՆ-ն էր ու ռուսները: Հարցրին. «ի՞նչ կա արկղերում», ասացի. «Բացեք, տեսեք», բայց մտքիս մեջ մտածում եմ՝ յաշիկը թարս դրած չլինեն, էրեսին զենքը լինի: Բացեցին, ասացի մանկապարտեզի համար է:
Մի հետաքրքիր պատմություն էլ հիշեցի պատերազմի սկզբի տարիների հետ կապված: Սեպտեմբերի 23-ին Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Պավել Գրաչովի առաջին տարին է, և ես էլ եմ գնալու: Երբ նա առաջին անգամ եկավ Հայաստան, Վազգենի հետ գնացինք դիմավորեցինք, շատ խիստ ձեւով իջավ: Հետո ինձ պատմեց, որ սարսափի մեջ է եղել, մտածել է, ես էլ, Վազգենն էլ սեւամորուք, տանելու ենք, գլուխն ուտենք: Դե լույս չկար, իրան տարանք Արարատի պադվալ: Հաց էինք գցել: Ասում է. «Հենց մտա պադվալ, ասացի՝ վսյո մենյա զաստրելյատ: Դե պադվալ իջնելուց էլ պավառոտներով էր: Էդ օրը Վազգենն ասեց. «Պավել Սերգեեւիչ, մենք մեղավոր չենք, որ նման իրավիճակ է, բայց խնդրում ենք, որ մեզ կռվել սովորեցնեք»: Գրաչովը փաթաթվեց Վազգենին. Ասեց. «Էսօրվանից տի մոյ բռատ» ,ու էտ օրվանից իրավիճակը գլխիվայր շրջվեց: Մինչեւ այդ մեր դեմ էին աշխատում:
Բանակից 13 տարի անց պատերազմի դաշտ գնացիք: Ովքե՞ր էին Ձեզ հետ պահում այդ քայլից: Գիտեմ, որ Ձեր «Բուռնաշ» մականունն էլ այնտեղ ստացաք, քանի որ նմանեցրել են «Անորսալի վրիժառուները» ֆիլմի հերոսին: Ի՞նչ թողեցիք պատերազմի դաշտում եւ ինչ բերեցիք:
Ես կոմերիտմիության կենտկոմից անհերթ «ՎԱԶ-2106» մեքենա էի ստացել: Մի հատ ռուս մայորի մեքենան տվեցի, 15 «Կալաշնիկով» ավտոմատ՝ 5 «մագազիններով» եւ փամփուշտներով վերցրեցի ու գնացի Ղարաբաղ: Պատերազմում իմ մասնակցության մասին ծնողերս չեն իմացել: Խնձորեսկում, երբ առաջին մարտերը պետք է լինեին, ես չեմ նկատել, որ ինձ հրաման տալուց նկարել են ու երբ հեռուստատեսությամբ ցույց են տվել, հայրս վատանում է: Իսկ երբ վիրավորվեցի, Երեւանում լուրեր էին տարածել, թե «Բուռնաշը» խփվել է, էլի պապան իմանալուց մեծ ստրես ապրեց: Պատերազմի դաշտում շատ բան կորցրեցի եւ ստացա: Պատերազմելու բոլոր խավերից էին եկել: Պատերազմ եկան հիմնականում հանցագործ աշխարհի տղերքը ու իրանց հրաման տալու, ղեկավարելու համար մի քիչ իրենց պետք է նմանվես: Այդ ժարգոնը, որ մի քիչ նենց չեմ խոսում, ոնց որ մեծացել եմ, պատերազմից եկավ:
Ընենց անուշ տղեք էին, խաղաղ հոգիներ ունեցող, թեկուզ իրենց գողական էին զգում: Այս պատերազմը այդ տղերքին սրբագրեց, մաքրեց: Իրենք պատրաստ էին հայրենիքին կյանքը տալ: Միահամուռ ջանքերով պատերազմից հաղթանակ բերեցինք: Մարտական ընկերները ինձ համար ամենաթանկն են: Մինչեւ պատերազմը ինձ համար Աշոտ Նավասարդյան, Մովսես Գորգիսյան, Լեոնիդ Ազգալդյան, իմ կումիրներն են եղել: Հիմա «անկախության բանակ» հասկացողությունն ամեն մեկը իր վրա է վերցնում, բայց այդպես չի եղել:
ԱԻՄ-ի մարտական շունչը «անկախության բանակն» էր, որը ստեղծեց Մոսոն` Մովսես Գորգիսյանը: Իսկ Մոսոյին Աշոտն էր «վերբովկա» արել: Մոսոն իր դերը այնպես տարավ, որ ոչ ոք այդպես չէր կարող տանել: Նա եղավ առաջին դրոշակ բարձրացնող, առաջին զոհը եւ առաջին հերոսը: Ինքը ամեն ինչի առաջինն էր: Նրա ընտանիքի հետ մինչեւ հիմա էլ շատ մտերիմ ենք: Մեր կարգախոսն էր. «Հրաման կա չզոհվելու»:
Կյանքում դժվարին օրեր ունեցե՞լ եք:
1999-ին, երբ հայրս մահացավ մինչեւ 2005 թիվը առավոտվանից մինչեւ երեկո, համարյա միշտ հարբած եմ եղել: Իմ կողքը եղել են Գալուստ Գրիգորիչը եւ Արմեն Գեւորգյանը: Արմենը Արտաշես Գեւորգյանի թոռն է, որ Ջեմալ Փաշային գնդակահարեց: Նա նույն Արմենն է, ում հետ ծանոթացա քաղաքապետի ընտրությունների ժամանակ:
Քաղաքականության մեջ ինչպե՞ս կամ ո՞ւմ միջոցով հայտնվեցիք:
Անկախության բանակի: Երբ միացանք, շատ ջոկատներ եկան մեզ միացան, որովհետեւ ուժ տեսան: Հետո եկավ մի պահ, որ ասացի. «Աշոտ, սենց չի կարող լինի, թալանով են զբաղված, սրանցից հարկավոր է ազատվել»: ԱԻՄ-ից արդեն անջատվել էինք եւ Մոսոյից հետո ստեղծել էինք ռազմական խորհուրդ: Ասացի՝ պետք է կուսակցություն ունենանք ու ՀՀԿ լինի, քանի որ աշխարհում հիմնականում ՀՀԿ-ականներն էին երկիրը ղեկավարում: Առաջին գրանցված կուսակցությունը ՀՀԿ-ն է եղել: Երբ կանոնադրությունը գրվեց, արդարադատության նախարարն ասաց. «Աշոտ ջան, ցավդ տանեմ, ռազմաքաղաքականը հանենք, քաղաքական թող լինի, ասացի ՝չէ, հենց սենց էլ պետք է գրանցենք: Մարգարյան Անդոյի ժամանակ դա փոխեցինք: Աշոտ Նավասարդյանի հետ Գառնիի տաճարում ենք կնքվել, ու այս սենյակը, քանի որ կառավարական օթյակ է, պատերն իմ ձեռքով եմ ստեղծել, իսկ Վահագնի կերպարը Վազգեն Սարգսյանի դեմքով եմ քանդակել:
Ինչո՞վ էիք աղջիկների սիրտը գրավում: Լսել եմ, որ ձեր կնոջը հեռուստատեսությամբ եք տեսել, հավանել ու առաջարկություն արել:
Այն ժամանակ KBH չկար, կար աղջիկների հեռուստամրցույթ: Այդ հաղորդումը նայելուց իմ կնոջը հավանեցի: Իմացա, որ «Անուշ» ֆաբրիկայի աղջիկներն են: Աննան նաեւ սովորում էր տեխնիկումում՝ տրիկոտաժի մասնագիտությամբ: Եղբայրս՝ Էմիլը, ով «Անուշ» միավորման ազատված քարտուղարն էր, ասաց, որ կառնավալի են պատրաստվում: Գնացի, եւ սեղանը այնպես էին կազմակերպել, որ մի սեղանի շուրջ էինք նստել: Սկսեցինք հեռախոսով շփվել: Իր դիպլոմայինն էլ ես գրեցի: Բայց նեղացրեց ինձ, մի տարի կապը կտրեցի, տեղ էի հրավիրել, հրաժարվել էր գալ: Մի տարի հետո շքերթի ժամանակ հանդիպեցինք, նորից միացանք: Մի օր հրավիրեցի մեր տուն՝ քրոջս ու եղբորս հետ ծանոթացնելու: Ծնողներս Գյումրի էին գնացել, բայց շուտ եկան: Հայրիկս նայեց, ասաց. «էս Հակոբիս աղջիկն ա»: Ասացի. «Պապ, չգիտեմ ում աղջիկն է, բայց ես իրանից բացի ուրիշ մեկին չեմ ուզում»: Հայրս թե. «Այ տղա, մեզ բարեկամ են»: Աննան լացեց, ինքը փոքր է եղել, երբ հայրը վթարից զոհվել է: Հետո պարզեցինք, որ յոթ պորտ հեռու ենք: Իմ եւ իր տատիկը քրոջ թոռներ են եղել: Ու դրանից հետո ամուսնացանք:
Խի՞ստ հայր եք: Ինչո՞վ են ձեր երեխաները զբաղվում: Կա՞ մի բան, որ հնարավորություն ունենալով հանդերձ, զրկել եք նրանց իրենց ուզածից:
Երբեք չի եղել, որ ես նրանց ինչ-որ բանից զրկեմ: Իրենք մեր պահվածքից, մեր ապրելակերպից հասկացել են, թե ոնց պետք է ապրեն: Մեծ աղջիկս՝ Նանաս, միջազգային հարաբերություններն է ավարտել: Ինքը «Դար 21»-ի ղեկավարն է: Փոքրս` Լիլոս, էլի համալսարանի միջազգային հարաբերություններն է ավարտել: Տղաս՝ Արամս, ֆիզկուլտ ինստիտուտն ավարտեց: Նանաս լրիվ կանացի է, իսկ Լիլոյիս ու Արամիս քիքբոքսի եմ տվել, ձի էլ են քշում, մեքենա վարում, լավ կրակում: Պատրաստի զինվոր են: Իսկ մեծ թոռնիկս հայտնի հաղորդավար Միկան ա՝ մեծ աղջկաս առաջին ամուսնությունից: Միկաս մի յոթ ամսական էր, բերեցի ու իմ տղայի նման մեծացրել եմ: Միկա էտո յա: Նանաս ամուսնացավ նորից ու արդեն երկու երեխա ունի: Երեխաներիս ասել եմ, որ յուրաքանչյուրը 4-ից պակաս երեխա չպետք է ունենան: Ընդհանուր դեռ 7 թոռ ունեմ: Աշոտ Աղաբաբյան թոռ չունեմ:
Ո՞րն է ձեր ամենասիրելի երգը, որ հաճախ լսում եք կամ ինչ-որ տեղ պատվիրում:
«Կենացդ խմեմ»-ն է, բայց ոչ թե պատվիրում եմ, այլ ես եմ երգում: Դա լուսահոգի Արաքս Վարդերեսյանի երգն է: Նույնիսկ եկավ ստադիոնում «Ոսկե աշնան» ժամանակ երգեց: Ես այդ երգը շատ լավ եմ երգում եւ միշտ իմ կնոջն եմ նվիրում, որովհետեւ դեռ նրանից լավին չեմ հանդիպել:
Զգացվում է, որ անտարբեր չեք նորաձեւության նկատմամբ: Բրենդամո՞լ եք, թե՝ ոչ:
Իհարկե, անտարբեր չեմ: Ես միայն Զեյնայից եմ օգտվում: Երեխա ժամանակից էլ սիրել եմ շքեղ հագնվել: Մայրս շատ ճաշակով կին է ղել ու միշտ հետեւել է մեր հագուկապին: Ախպերս ավելի շքեղ հագուստներ ուներ: Հենց տնից գնում էր, իր շորերը հագնում ֆռֆռում էի, մամաս ասում էր. «Շուտ արա, հանի, քանի չի եկել»: Ես նաեւ զարդեր եմ սիրում: Սակայն պետք է իրենց մեջ սիմվոլ, իմաստ պարունակեն, որ հետագայում փոխանցվեն: Այս մատանին, թեւնոցը եւ շղթան, որ կրում եմ, նույնից նաեւ կինս ունի, եւ պետք է փոխանցենք մեր թոռներին: Զարդերի վրա գրված է Աշոտ-Արամ, որ հերթականությամբ փոխանցենք: Սպասում ենք՝ որդիս տղա եւ աղջիկ ունենա, որ սաղ տանք իրենց: Շքեղությունը ճաշակի մեջ է: Մենք վուլգար չենք: Ես իմ եղածից ոչ իջնում եմ, ոչ բարձրանում:
Ո՞րն է կյանքից ստացած ամենկարեւոր դասը եւ, ո՞ր հարցի պատասխանը մինչեւ այսօր չեք կարողացել ստանալ:
Իմ նման մարդիկ, որ երբեք իրանց չեն խաբում, պետք է շատ լինեն: Կյանքի դժվարություններին ամեն մարդ չի դիմանում: Ովքեր չեն կոտրվում, որպես ազգի ողնաշար եմ ընդունում, որովհետեւ այդ տեսակը չի կարող վերանալ: Էտ տեսակն է պահում պետությունը, ժողովուրդը եւ ամեն ինչը: Բայց մարդիկ էլ կան, որ իսկապես գեներով կեղտոտ են: Ինչ վերաբերում է, թե ինչ հարցի պատասխան չեմ ստացել. Իմ այս տարիքում ինչպե՞ս կարող եմ հարցի պատասխան չստանալ:
Շատերը բարեգործություններ են անում, եկեղեցիներ կառուցում ու բարձրաձայնում այդ մասին: Դուք բարեգործություններ չե՞ք անում, որ չի խոսվում:
Բարեգործություններ, բնականաբար, անում եմ, բայց ես չեմ սիրում դրանց մասին բարձրաձայնել: «ԱՍԱ» (Աշոտ Սերգեյի Աղաբաբյան) բարեգործական ընկերություն ունեմ, որն օգնում է ազատամարտիկներին եւ «Աղաբաբյան Սերգեյ» հիմնադրամ, եւ օգնում ենք կրթական կառույցներին եւ մանկավարժներին:
Մարդը կենդանության օրոք արժեքավոր չի: Ստեփան Զատիկյանը մի հատ լավ խոսք ուներ. ասում էր. «Մեր նմանները պետք է գան, արարեն ու երբեք չերեւան»: Դա է մեր երկրի ու ժողովրդի կոդը: Սաղ ընկերներս ասում են. «Դու խի՞ չես ասում` դու սենց, դու նենց»: Ասում եմ. «Արա, ես ուզում եմ կոդ ունենամ, ես չեմ ուզում անկոդ մարդ լինեմ»:
Ասում են՝ 50-ից հետո մարդիկ դառնում են ավելի մտածկոտ, քանի որ կորցրածդ շատ է, իսկ շահածդ ոչինչ: Հիմա, 50-ից հետո ի՞նչ նպատակներ ու երազանքներ ունեք:
Մինչեւ 50-ը մենք անընդհատ հավաքում ենք, ուժեղանում, հզորանում: 50-ից հետո, երբ սկսում ես կորցնել տատ, պապ, ծնող, ընկերներ, պակասում ես: Քո ենթագիտակցության մեջ մի բան է քեզ պահում, որ թոռներ են գալիս: 50-ից հետո իմ ամենամեծ ձեռքբերումն այն կլինի, որ այս աշխարհից չոր աչքով գնամ: Դրանից թանկ բան չկա: Պետք է այնպես անես, որ միշտ կողքը լինես, լավ լինես, ներող, որ քեզ էլ ներեն: Ընենց չլինի, որ իմ վատ արարքի համար ես, որդիս չպատժվենք, բայց հետո թոռս պատժվի: 45-ամյակս, երբ Վազգենը Դիլիջանում անցկացրեց, դրանից հետո Հայաստանում էլ ծնունդ չեմ արել: Հաճելի չէր լինի, որ այդքան ընկեր ունեմ, մեկին կանչեմ, մյուսին չէ: Իսկ եթե այդքանին կանչեմ, էս սոված ժողովուրդն ինձ ի՞նչ կասի: Երեխաներիս հարսանիքներն էլ եմ շատ համեստ անցկացրել: Բայց Գրաչովը միշտ ներկա է եղել: 50-ամյակս Լենինգրադում արեցի: Զանգում էին, բայց հենց 12-ն անցավ, ասացի՝ տղերք, ես զադնի եմ դրել, սկոռոստն էլ՝ ջարդել: 49-ամյակս է:
Պարոն Աղաբաբյան շնորհակալ եմ պատմական էքսկուրսի, հաճելի զրույցի համար: Ցանկանում եմ, որ 50-ից հետո կյանքը ձեզ ավելի լավ անակնկալներ մատուցի, քան 50-ից առաջ:
Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը












































