Եմենի մարդու իրավունքների հարցով նախարար Հուրիա Մաշհուրը առաջարկում է վերականգնել երկրում նախիկնում գործող կարգը, որը պաշտոնապես արգելում էր ամուսնացնել փոքրահասակ երեխաներին: Հարցն արդիական է դարձել 8-ամյա աղջնակի մահից հետո, ով մահացել էր ամուսնական առաջին գիշերը ստացած վնասվածքներից:

Մաշհուրն առաջարկել է ամուսնական տարիքը հասցնել մինչեւ 18 տարեկանի, հաղորդում է NEWSru.com-ն՝ վկայակոչելով CNN-ին:

Եմենի լրատվամիջոցները նշում են, որ Ռավան անվամբ աղջիկը մահացել է ներքին արյունահոսությունից. սեռական գործողության ժամանակ պատռվել են արգանդն ու այլ ներքին օրգաններ: Հարադ քաղաքի իշխանությունները, որտեղ եւ տեղի է ունեցել դեպքը, փորձում են պաշտպանել աղջկա 40-ամյա ամուսնուն: Հարադի ոստիկանության բաժանմունքի ղեկավար Մոհամեդ Ահմեդը մեղադրանքներն անվանել է «անհիմն»: Նա հավելել է, որ աղջկա հորը կանչել են ոստիկանություն հարցաքննության. նա հերքում է անգամ պատահարի փաստը: CNN-ի թղթակիցները փորձել են կապ հաստատել երեխայի հոր հետ, սակայն նա հրաժարվել է մեկնաբանություններ տալ:

Եմենցի իրավապաշտպան Ահմեդ ալ-Քուրեշին հայտնել է, որ ավելի քան մեկ շաբաթ է, ինչ քննում է այդ գործը, սակայն առանձնապես ոչինչ չի պարզել: «Իշխանությունները կրկնում են, որ Ռավանը իրենց խնամքի ներքո է եւ ողջ է, մինչ դեռ տեղական աղբյուրները հայտարարում են, որ նրան գաղտնի հուղարկավորել են»,- նշել է ալ-Քուրեշին, ով գլխավորում է Եմենում երեխաների իրավունքների պաշտպանության առաջատար կենտրոններից մեկը:

Պատմությունը հասարակական լայն հուզումների առիթ է դարձել, այդ թվում նաեւ միջազգային: Եմենում ամուսնությունների հարցը շատ բարդ ու վիճարկելի է: Հաղորդվում է, որ կարիքավոր շատ ընտանիքները իրենց դուստրերին ամուսնացնում են հարուստ մեծահասակ տղամարդկանց հետ, երբեմն անգամ դրամական կամ այլ տեսակի փոխհատուցման դիմաց: