Հայտնի հայ երաժիշտ, ուդ երաժշտական գործիքի վարպետ Երվանդ Բոստանջյանը, ով 21 տարի անց վերադարձել է իր հայրենի քաղաք Դիարբեքիր, կդառնա Թուրքիայի պատվիրակ: Այդ մասին գրում է թուրքական «Dünya»-ն:
Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքի հրավերով Բոստանջյանը լքել է ԱՄՆ-ը: Երաժշտի խոսքով, նա առաջարկ է ստեցել Թուրքիայում պատվիրակ դառնալ ու աշխարհում իր հայրենի քաղաքից երաժշտության միջոցով եղբայրություն տարածել:
Ուդ երաժշտական գործիքի վարպետը հավելել է, որ նրան մեծ ուրախությամբ են դիմավորել Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության փոխնախարար Նիհաթ Գյուրոմն ու նրա խորհրդական Իբրահիմ Սարիթաշը: «Նախարար Չելիքն ասել է, որ իմ առջեւ մշակույթի հետ կապված նպատակներ է դնելու, եւ ես հաճույքով համաձայնել եմ»,- հայտնել է Բոստանջյանը՝ նշելով, որ ինքը քաղաքական գործիչ չէ, այլ արտիստ է՝ իր ուդով ու ձայնով հանդերձ:





























