Սպառողների վստահության ինդեքսը 2013 թ. երկրորդ եռամսյակում կազմել է 43.3: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ինդեքսը նվազել է 3.9 կետով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ` 0.7 կետով: Վերջին 2 տարում սա սպառողական վստահության ինդեքսի ամենացածր մակարդակն է:
Սպառողների վստահության ինդեքսն իրենից ներկայացնում է սպառողներին տրված վեց հարցերի հիման վրա հաշվարկված միջին թվաբանական փոփոխություն: Այն բաղկացած է 2 մասից` ընթացիկ պայմանների ինդեքս (հարցերը վերաբերել են ներկա իրավիճակին) եւ ապագա պայմանների ինդեքս (հարցերը վերաբերել են ապագային):
Ընթացիկ պայմանների ինդեքսը 34.4 է, իսկ դա նշանակում է, որ հարցվածների մեծ մասը դեռեւս դրական չեն գնահատում իրենց ներկա վիճակը: Հատկանշական է, որ ՀՀ տնտեսության ներկայիս վիճակի վերաբերյալ հարցման ինդեքսը կազմում է ընդամենը 21.9: Դրա փոխարեն սպառողների մեծ մասը պատասխանել է, որ ընթացիկ եռամսյակում խոշոր գնում է կատարել:
Ապագա պայմանների ինդեքսը 52.2% է, ինչը վկայում է ապագայի հանդեպ մարդկանց լավատեսության մասին: Ապագա պայմանների ինդեքսը նախորդ եռամսյակի համեմատ նվազել է 0.4 կետով:
Հարցվածների կեսից ավելին (57.8%) խոստովանել է, որ ապագայում խոշոր գնում է կատարելու:





























