Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի մատակարարման ծառայության շտաբում հրաձգության հետեւանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
«Մեծարգո պարոն նախագահ,
Խորապես ցնցված եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի մատակարարման ծառայության շտաբում հրաձգության հետեւանքով տեղի ունեցած ողբերգության լուրից: Խստագույնս դատապարտում եմ այդ զարհուրելի արարքը, որը մեկ տասնյակից ավելի անմեղ մարդկանց կյանք խլեց` նրանց հարազատների, մերձավորների եւ ականատեսների կյանքում թողնելով անբուժելի վերք:
Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին եւ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տոկունություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 16-ին Վաշինգտոնի ՌԾՈՒ կայանում կատարված հրաձգության հետեւանքով սպանվել է 13 մարդ, այդ թվում նաեւ` հրաձիգը, ութ մարդ էլ վիրավորվել է: Կրակողը ԱՄՆ-ի ՌԾՈՒ պահեստազորի զինծառայող 34-ամյա աֆրոամերիկացի Աարոն Ալեքսիսն է եղել, որն աշխատում էր IT-բնագավառում:





























