Ցանկացած երկրից աշխատանքային ներգաղթյալները Ռուսաստանում պետք է ապահովագրություն ստանան: Այդ մասին հայտարարել է ռուսաստանյան «ՌԵՍՈ-Գարանտիա» ընկերության նախագահ Սերգեյ Սարկիսովը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին: Սարկիսովը Երեւան է ժամանել՝ մասնակցելու Հայաստանում ընկերության դուստր-ձեռնարկության՝ «ՌԵՍՈ» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակի բացման արարողությանը:

«Ես չեմ սիրում «գաստարբայտերներ» բառը, դրա փոխարեն ճիշտ է ասել «աշխատանքային ներգաղթյալներ»: Այո, նրանք պետք է ապահովագրվեն, դա պարտադիր պահանջ է բոլոր քաղաքակիրթ երկրներում: Քանի որ այժմ նրանք բացարձակ անպաշտպան են մնում, երբեմն մահանում են՝ պարզապես ժամանակին որակյալ օգնություն չստանալով, որի համար գումար չեն ունենում: Այնպես որ ապահովագրության մասին դրույթը օրինակն է եւ բխում է հենց իրենց եւ իրենց ընտանիքների շահերից»,- ասել է Սարկիսովը: Նա հավելել է, որ իր ընկերությունն ունի փորձ Ռուսաստանում օտարերկրյա բանվորների ապահովագրելու հարցում:

Նշենք, որ Հայաստանի միգրացիոն ծառայության տվյալներով, ՌԴ Դաշնային միգրացիոն գործակալությունում 2011թ. հաշվառվել են Հայաստանի 713,2 հազար ՀՀ քաղաքացիներ: Նրանց 47 տոկոսը զբաղված է շինարարությունում: Գործնականում բոլորը կամ մեծ մասը բժշկական ապահովագրություն չունի: