Հետխորհրդային տարածքում ԱՊՊԱ-ի էժան սակագները խանգարում են ոլորտի եկամտաբերությանը: Այդ մասին հայտարարել է ռուսաստանյան «ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական ընկերության նախագահ Սերգեյ Սարկիսովը, ով ժամանել է Երեւան մասնակցելու Հայաստանում «ՌԵՍՈ» ՓԲԸ դուստր ձեռնարկության գլխամասային գրասենյակի բացման արարողությանը:
«Մեզ մոտ՝ Ռուսաստանում, ԱՊՊԱ-ի շահութաբերությունը տարեց տարի նվազում է, քանի որ սակագները չեն հասցնում գնաճի ետեւից: Իսկ արտասահմանում պատկերն այլ է. Եվրոպայում պարտադիր ապահովագրության միջին պոլիսը սկսվում է 800 եվրոյից: Իսկ Ռուսաստանում՝ 100 դոլարից»,- նշել է Սարկիսովը:
Դա պատճառներից մեկն է, ինչի հետեւանքով «ՌԵՍՈ»-ն զարգանում է, սակայն գումարներ չի վաստակում, հավելել է Ս.Սարկիսովը: «Սակայն մենք ցանկանում ենք, որպեսզի քանակը որակ դառնա, եւ գոհ ենք զարգացումից: Մենք շարունակելու ենք աշխատել եւ շահույթ ստանալ»,- հայտարարել է նա:
Նշենք, որ 2012թ.-ի արդյունքներով «ՌԵՍՈ»-ի մաքուր եկամուտը կազմել է 127,9 մլն դրամ (313 հազար դոլար)՝ 2011թ.-ի 157,9 մլն դրամի համեմատ: Ընկերությունը գործում է 2008թ.-ից:
Հայաստանում ԱՊՊԱ-ի սակագները տատանվում են 25-37 հազար դրամից (60-90 դոլար, մինչեւ 80 ձիաուժ հզորությամբ անձնական ավտոմեքենաներ) մինչեւ 74-109 հազար դրամ (180-260 դոլար, խոշոր միկրոավտոբուսներ, տաքսիներ եւ վարձակալած մեքենաներ):




























