Այժմ Արգիշտի Կիվիրյանը եւ նրա փաստաբանը՝ Լուսինե Սահակյանը, մտել են ՀՔԾ՝ ցուցմունք տալու։ Իսկ դրանից առաջ նրանք բացարկ էին հայտնել գործով քննիչին եւ գրավոր ցուցմունքը փոստով ուղարկել ՀՔԾ։ Սակայն նախաքննական մարմինը հետ էր ուղարկել Կիվիրյանի գրավոր ցուցմունքը։
Լուսինե Սահակյանը նշեց, որ իրենք շատ փաստեր ունեն, որ այդ օրը կատարվել է ապօրինություն Արգիշտիի նկատմամբ, «հիմնավորված է նաեւ այն, որ նա որեւէ հանցանք կամ զանցանք թույլ չի տվել»։ «Ապացույցները դեռ չենք ներկայացրել նախաքննական մարմնին, որովհետեւ չենք վստահում նրանց։ Այդուհանդերձ, ցանկանում ենք ցուցմունք տալ, որպեսզի նախաքննական մարմինը չպատճառաբանի,թե Արգիշտի Կիվիրյանին տուժող չեն ճանաչում»,- նշեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Կիվիրյանը օգոստոսի 24-ին բերման էր ենթարկվել Կոմիտաս 5 հասցեից եւ դաժան ծեծի էր ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից: Կիվիրյանին տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ նրա մոտ գլխուղեղի ցնցում էին ախտորոշել:
Ոստիկանությունը իր աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն քրգործ էր հարուցել Արգիշտի Կիվիրյանի դեմ: ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի դասակի հրամանատար Վահան Վրթանեսյանը զեկուցագիր էր գրել, իբր Երեւանի Կոմիտաս 5 հասցեի մոտ ծառայություն իրականացնելիս՝ նույն փողոցի երթեւեկելի մասն ազատելու ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ոստիկանության ավտոմեքենայով Ա.Կիվիրյանին ոստիկանության բաժին տանելու ժամանակ վերջինս հայհոյել եւ բռունցքով հարվածել է իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Դեպքի առթիվ ոստիկանության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ)։ Արգիշտի Կիվիրյանի եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործը եւ բոլոր նյութերը գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել են Հատուկ Քննչական ծառայություն, քննությունը կատարվում է այնտեղ։ Նրա շահերը ներկայացնելու պատրաստակամություն է հայտնել ավելի քան 150 փաստաբան։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























