Լոնդոնում անհայտ անձինք հրացանի սպառնալիքով փորձել են կողոպտել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի դստերը, սակայն հետո առանց որեւէ հաջողության հեռացել են:
Telegraph պարբերականի տվյալներով՝ 29-ամյա Քեթրին Բլերը սեպտեմբերի 17-ին զբոսնել է շան հետ տան մերձակայքում, երբ նրան են մոտեցել 2 տղամարդիկ՝ սպառնալով հրացաններով: Նրանք գումար եւ թանկարժեք իրեր են պահանջել: Սակայն հետո հանկարծ միանգամից փախուստի են դիմել:
Ինչպես հաղորդել են Լոնդոնի ոստիկանության ներկայացուցիչները, Լոնդոնի կենտրոնում սեպտեմբերի 17-ին երկու կողոպուտ է տեղի ունեցել, որոնք, ամենայն հավանականությամբ, նույն մարդկանց ձեռքի գործն է եղել: Առայժմ չի հաջողվել պարզել հանցագործների անձը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:





























