ՄԱԿ-ի տեսուչների զեկույցը չի տալիս այն հարցի պատասխանը, թե ով էր քիմիական զենքի կիրառման պատասխանատուն, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Մայնցի համալսարանի պրոֆեսոր, Արաբական աշխարհի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Գյունտեր Մայերը: Ըստ նրա՝ Ասադի մեղավորության մասին արեւմտյան գերտերությունների հայտարարությունները անհամոզիչ են:
«ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Անգլիայի փաստարկները, թե միայն Ասադի ռեժիմն ունի օգտագործված հրթիռներից եւ թե ապստամբներն ի վիճակի չեն գազային բինարային խառնուրդի ստեղծման, համոզիչ չեն», - ընդգծել է Մայերը՝ հավելելով, որ այդ ամենը նրանց ձեռքում կարող էր հայտնվել Քադաֆիի կողոպտված զինանոցներից եւ որ տեղացի ապստամբները հազիվ թե մասնակցած լինեն քիմիական գրոհին. այն կարող էին իրագործել հատուկ պատրաստված ջիհադիստները:
Արաբագետը նշել է, որ օգոստոսի 21-ի գիշերը կառավարական զորքերը այդ շրջանը սովորական հրթիռներով են հրետակոծել: «Դա Ասադի հակառակորդների ռազմավարությունն էր. նույն վայրը քիմիական լիցքերով հրետակոծել եւ գրոհի պատասխանատվությունը բարդել ռեժիմի վրա», - ընդգծել է Մայերը:
«Ճշմարտանման է թվում այն, որ Ասադի հակառակորդներն են թունավոր գազ կիրառել՝ ռեժիմի վրա մեղքը բարդելու եւ Օբամային «կարմիր գիծն» անցնել ու Սիրիայի իրավիճակին միջամտել դրդելու համար», - հայտարարել է Մայերը:
«Ինչո՞ւ պետք է սիրիական կառավարությունը աշխարհի ուժեղագույն ռազմական գերտերությանը հրահրեր, եթե կառավարական զորքերն առանց այդ էլ մեծ հաջողությունների են հասնում սովորական զենքերով, իսկ ապստամբները տարածքներ են կորցնում»,- հավելել է փորձագետը:





























