Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը չի ցանկանում գնահատական տալ Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելուն, քանի որ տեղեկություն չունի, թե դա ինչ է։ Այս մասին նա ասաց այսօր՝ սեպտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Այն, ինչին փորձում են միանալ, չգիտեմ դեռ ինչ է, ոչ մեկը չգիտի՝ ինչ է։ Չենք կարող կողմ-դեմի մասին քննարկում անել: Ես չեմ համարձակվում գնահատական տալ մի բանի, որի մասին տեղեկություն չունեմ, երբ կլինի՝ կլինի նաեւ գնահատականը։ Այս գործի տերը ո՞վ է, ո՞վ է արել այս հայտարարութունը եւ ինչի՞ վրա: Դուք նրանից խոսք լսե՞լ եք, ինչի՞ եք ինձ հարցնում, թե նա ինչ է արել, ուզում եք իր արածը ես արդարացնեմ կամ ոչ, երբ չգիտեմ, թե ինչ է արել։ Սա շուլերություն է, եւ Սերժ Սարգսյանը միանձնյա որոշումներ է կայացրել՝ չքննարկելով իր թիմի հետ։ Սերժի հետ ես ճանապարհ չեմ գնա, նա Արեւելք գնա, թե Արեւմուտք, ես այնտեղ արկած եմ տեսնում: Կար ճանապարհը եւ եվրոպական եւ ռուսական շուկա գնալու։ Կտրուկ բաներ ասելը ռիսկ է՝ կապված անվտանգության հարցերի հետ»,-ասաց Արամ Մանուկյանը։
Պատգամավորը նշեց նաեւ, որ մենք կորցրել ենք լուրջ գործընկերոջ համբավը: «Քցող» երկրի նախագահից ով լուրջ բան կսպասի, Ֆյուլեն մանթրաշ է, շփոթված է, նույնը՝ ռուսները: Սերժ Սարգսյանը փորձում է գեղջկական շուլերությամբ խաբել Ռուսաստանի նման հզոր երկրին, Եվրամիությանը»,-ասաց նա ու հավելելց, որ Ռուսաստանը համոզված էլ չէ, որ Սերժ Սարգսյանը անկեղծ է իր հայտարարության մեջ։
Նա նաեւ իր զարմանքը հայտնեց, որ չորս տարի Հայաստանը գաղտնի բանակցել է եվրոպացիների հետ, նույն բանակցությունները վարել է նաեւ Ռուսաստանի հետ. «Ո՞ր իրավունքով, ո՞վ է տվել նման իրավունք։ Հայաստանը այն երկիրը չէ, որ այդպիսի քաղաքականություն իրականացնի եւ վերջում ասի. «Լավ եմ արել»: Սա քաղաքագիտական, դիվանագիտական սկանդալ է։ Բա հիմա Հանրապետականը ի՞նչ է ասելու, փորձում են դրսում մեղավորներ փնտրել, մինչդեռ պատճառները ներսում են»,- ասաց ՀԱԿ պատգամավորը։





























