Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 20-ին Գյումրիում այցելել է ԱՊՀ երկրների«Արթ Էքսպո» մշակութային ցուցահանդեսին: Ցուցահանդեսն անցկացվում է «Գյումրի՝ ԱՊՀ 2013թ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում, որը ներառում է մոտ 50 միջոցառումներ: Ծրագիրը մշակել են Հայաստանի տարածքային կառավարման եւ մշակույթի նախարարությունները, ինչպես նաեւ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:
Պետության ղեկավարը այցելել է տաղավարներ եւ զրուցել նկարիչների, երաժիշտների եւ բալթյան ու ԱՊՀ երկրների, ինչպես նաեւ Հայաստանի տարբեր մարզերի ավանդական արհեստներով զբաղվող ներկայացուցիչների հետ, հաղորդում է NEWS.am թղթակիցը:
Ցուցահանդեսում ներկայացված են Հայաստանի մարզերն ու առանձին Գյումրի քաղաքը, ինչպես նաեւ ԱՊՀ-ի եւ բալթյան մի քանի երկրներ: Պատրաստվել են նաեւ Հովհաննես Թումանյանին ու Սերգեյ Փարաջանովին նվիրված տաղավարներ:
Մինչեւ սեպտեմբերի 22-ը եւս մի քանի միջոցառումներ կանցկացվեն՝ քանդակագործության փառատոն, Գյումրիի արհեստագործական ավանդույթների փառատոն, «Մշակույթ եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ» կոնֆերանս:
Ինչպես լրագրողներին է հայտարարել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, քանդակագործության փառատոնի աշխատանքները եւս մի քանի օր կցուցադրվեն, որից հետո կտեղափոխվեն Հաղթանակի հրապարակ:





























