Մաքսային միությանը միանալուց հետո թուրք եւ պարսիկ գործարարները կցանկանան Հայաստանում համատեղ գործարաններ հիմնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը («Ճոյտ»):

«Թուրքիան ապրանքներ է արտահանում Ռուսաստան: Հիմա մենք հարեւան երկրներ ենք եւ մաքսային հարկերից ազատվելու համար կցանկանա  համատեղ ձեռնարկություններ ունենալ Հայաստանում: Հումքը կբերեն այստեղ եւ առանց մաքսային տուրքերի ապրանքը կարտահանեն Ռուսաստան: Իմ կարծիքով՝ հիմնականում տրիկոտաժի եւ պլաստմասե ապրանքների արտադրությամբ կզբաղվեն»,- համոզմունք հայտնեց Հակոբ Հակոբյանը:

Նա նաեւ նշեց, որ բիզնեսի մեջ կապ չունի, թե գործընկերդ ինչ ազգության է: «Մենք, այո, Թուրքիայից պահանջներ ունենք եւ հենց առաջին պահանջատերը ես եմ, բայց եթե բիզնեսը ծայրահեղականացնենք մենք կտուժենք, քանի որ փոքր երկիր ենք: Երբ իրենց մոտ արտադրում են տանում Ռուսաստան, իրենք Ռուսաստանին պետք է մաքս վճարեն, չէ՞: Այս դեպքում, եթե այդ ապրանքը արտադրվում է  Հայաստանում, այդ մաքսերից ազատվում են:  Արդյունքում մեզ համար աշխատատեղեր կստեղծվեն»,- հիմնավորեց գործարարը: