Երբ 2011 թ. Վրաստանը տասամյա եվրաբոնդերը կարողացավ տեղաբաշխել 7,1%-ով, շատերը Հայաստանում ենթադրում էին, որ հայկական եվրաբոնդերից ավելին սպասել չարժե: Դեռ 1-2 ամիս առաջ հայկական եվրաբոնդերի դրույքաչափերը կանխատեսվում էին լավագույնը 7%:
Սակայն սեպտեմբերի 18-ին իրականացված տեղաբաշխումը գերազանցեց բոլոր սպասելիքները՝ հայկական յոթամյա եվրաբոնդերի եկամտաբերությունը 6% է; Միայն այդ 1 տոկոսի շնորհիվ կարողացանք տնտեսել 7 մլն դոլար:
Այստեղ իհարկե մեծ դեր խաղաց իրավախորհրդատուի՝ ամերիկյան Cleary Gottlieb Steen & Hamilton LLC ընկերության լավ աշխատանքը, տեղաբաշխման անմիջական պատասխանատուների (Deutsche Bank, HSBC եւ J.P.Morgan) ճիշտ ընտրությունն ու պրոֆեսիոնալիզմը: Հայաստանին մեծ օգնություն էր այն, որ Moodi's-ը օգոստոսի 20-ին բարձրացրեց երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշը՝ Ba2 կայուն, նախկին բացասականի փոխարեն: Սա նշանակում է, որ Moodi's-ը Հայաստանի պարտքի մարման անմիջական վտանգ չի տեսնում:
Զարմանալիորեն՝ Մաքսային միությանը միանալու հայտարարությունները որեւէ կերպ չազդեցին միջազգային շուկայում ներդրողների տրամադրությունների վրա: Իսկ եթե ազդեցին էլ՝ ապա միայն դրական իմաստով՝ երկիրը դուրս եկավ պատերազմի անմիջական սպառնալիքից:
Որպես զարգացող երկիր՝ 6%-ը Հայաստանի համար ձեռքբերում է: Համեմատության համար՝ Ռուսաստանի պարտատոմսերը ավելի թանկ են՝ հինգամյան 6,6%, տասամյան՝ 7,1%: Ստացվում է՝ միջազգային ֆինանսական շուկայում Հայաստանին ավելի են վստահում, քան Ռուսաստանին: Նշենք նաեւ, որ թուրքական պարտատոմսերն ավելի թանկ են՝ 8%-ից բարձր:
Սակայն համեմատած եվրոպական զարգացած երկրների պարտատոմսերի հետ՝ հայկականներն իհարկե թանկ են, ու դասվում են ռիսկայինների թվին: Օրինակ՝ նույն ժամկետի (7 տարի) շվեյցարական պարտատոմսերի եկամտաբերությունը 0,75% (լավագույն դրույքն է Եվրոպայում), Չեխիայինը՝ 1.95%, Լեհաստանինը՝ 4.1%, Իտալիայինը՝ 3,64 %, Գերմանիայինը՝ 1,29% եւ այլն: Միայն Պորտուգալիայի պարտատոմսերն են ավելի թանկ՝ 7,27%:
Իսկ ամենախնդրահարույցը Եվրոպայում Հունաստանի պարտաատոմսերն են՝ 10%-ից ավելի:
Այսպիսով՝ Հայաստանը եվրոպական շուկա է մտնում միջին գրավչությամբ պարտատոմսով՝ գտնվելով ավելի լավ դիրքում, քան Ռուսաստանը, Թուրքիան, Վրաստանը կամ Հունաստանը, սակայն զգալի զիջելով նույնիսկ արեւելաեվրոպական երկրներին:
Պատրաստեց՝ Սամվել Ավագյանը




























