Հռոմի «Պալացո դե լա Կանչելերիա» սրահներում սեպտեմբերի 19-ին բացված «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ. քրիստոնեության ընդհանուր ժառանգություն» լուսանկարչական  ցուցահանդեսը, որը հաջորդել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության բացման եւ ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի  կապակցությամբ ընդունելությունը, այնքան է տպավորել Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրին, որ աշխարհահռչակ շանսոնյեն իր հիացմունքն արտահայտել է «վաու»  բացականչությամբ։

«Այսպիսի էքսպոզիցիաները շատ են հարկավոր Հայաստանին։ Սա շատ կարեւոր միջոցառում է»,- լրագրողներին ասել է Ազնավուրը, որը հետաձգել էր իր նյույորքյան այցը՝ Վատիկանի տոնական միջոցառումներին մասնակցելու համար։

89-ամյա շանսոնիեն բավական առույգ տեսք ուներ, շրջում էր ցուցասրահներում եւ լուսանկարում իրեն հետաքրքրած նմուշները։

Սբ. Գրիգոր Լուսավորչի պաշտամունքը Իտալիայում հարյուրամյակների պատմություն ունի։ Դեռեւս 1742 թ. հայտնաբերված Նեապոլի քարե մի օրացույցի մեջ նշված են Սբ Գրիգոր Լուսավորչի եւ մարտիրոսացած Հռիփսիմե եւ Գայանե կույսերի տոները:

Սբ Գրիգոր Լուսավորչի մասունքների մեծ մասը հայ կույսերը 8-րդ դարի վերջին տեղափոխել են Իտալիայի Նեապոլ քաղաք, որտեղ  ի պատիվ Գրիգոր Լուսավորչի, կառուցվել է Սբ Գրիգոր Հայի եկեղեցին՝ կուսանոցով: Եկեղեցում պահպանվել են Գրիգոր Լուսավորչի գանգը՝ ամփոփված պղնձե և համակ ոսկեզօծ կիսարձանի մեջ, շղթայի մասեր և այլ նշխարներ: Նեապոլի առաջին պաշտպան սբ Գենարիոս եպիսկոպոսից հետո Գրիգոր Լուսավորիչը ճանաչվել է քաղաքի երկրորդ երկնային պաշտպանը և ունի հատուկ տոն (սեպտեմբերի 30-ը): Լուսավորչից մի ձեռքի ոսկորներն էլ պահվում են Նարդոյում, որտեղ Սբ Գրիգոր Լուսավորիչը համարվում է քաղաքի պահապան սուրբը։

Լուսավորչի արձանը տեղադրված է Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի արտաքին որմնախորշերից մեկում, իսկ մերձակա հրապարակը անվանակոչված է նրա պատվին:

2000թ. նոյեմբերի 11-ին Հռոմի Հովհաննես Պողոս II պապը Վատիկանում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանին է  հանձնել  Գրիգոր Լուսավորչի մասունքների մի մասը, որը պահպանվում է Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու գավթում:

Հիշեցնենք, որ Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը բացվել է 2013թ. սկզբին, Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Միքայել Մինասյանը։