Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայկական զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ սեպտեմբերի 24-27-ին կներկայացնի Հայաստանը Փարիզում կայանալիք «TopResa' 2013» զբոսաշրջային միջազգային տարեկան ցուցահանդեսին:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակից հայտնում են, թե այս տարի ցուցահանդեսին նախատեսվում է 164 երկրների շուրջ 1200 զբոսաշրջային կազմակերպությունների եւ ավելի քան 28 հազար զբոսաշրջության ոլորտի  ներկայացուցիչների մասնակցություն:

Ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը ներկայացվելու են Հայաստանի պատմամշակութային եւ քրիստոնեական հարուստ ժառանգությունը ցուցադրող ֆրանսերենով գովազդային նյութեր եւ քարտեզներ:

Խոշորագույն այս ցուցահանդեսին ՀԱՄՀ մասնակցությունը նպատակ ունի՝ խթանելու Հայաստանի զբոսաշրջությունը եւ բարձրացնելու երկրի ճանաչելիության մակարդակը եվրոպական շուկայում՝ նպաստելով ներգնա զբոսաշրջային հոսքերի աճին: