Ինդոնեզիայի լեռնային անտառներում հայտնաբերվել է կրծողների նոր տեսակ, որն ստացել է Halmaheramys bokimekot անվանումը: Հետազոտական խումբը գլխավորող Պիեռ Անրի Ֆաբրը նոր կենդանու մասին ասում է. «Սա կրծողի նոր տեսակ է, որը մեկ անգամ եւս ընդգծել է այս տարածաշրջանի պահպանման կարեւորությունը: Շատ կարեւոր է, որ կենդանագետներն այցելեն այս կղզի` հետագա ուսումնասիրման համար»: Գիտնականների մոտ նոր տեսակի դեռ միայն վեց նմուշ կա, որոնց շարքում՝ երեք էգ եւ երեք արու, հաղորդում է «Եվրոսմին»:
Ընդ որում, կրծողների վարքի մասին շատ քիչ տվյալներ են հայտնի: Այդ առնետներն ամենակեր են, քանի որ նրանց մարսողական համակարգում հայտնաբերվել են բուսական ծագում ունեցող սննդի եւ միջատների մնացորդներ: Այս առնետների համար բնորոշ է մեջքի հատվածի շագանակագույն-մոխրագույն մորթին: Նրանց փորը սպիտակ է, իսկ պոչը եւ ժանիքները՝ մեծ:





























