Մինսկում ձերբակալված ռուսական «Ուրալկալիում» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիսլավ Բաումգերտներին տեղափոխել են տնային կալանքի: Այս մասին սեպտեմբերի 26-ի առավոտյան հայտնել է «Ուրալկալիում» ընկերության ղեկավարի փաստաբան Ալեքսեյ Բասիստովը:
Ըստ փաստաբանի` նախկինում Բելառուսի ԿԳԲ-ի մեկուսարանում պահվող Բաումգերտները այժմ «ԿԳԲ-ի աշխատակիցների կողմից Մինսկի թաղամասերից մեկում ընտրված վարձու բնակարանում է գտնվում` շուրջօրյա հսկողության ներքո»: «Ուրալկալիում» ընկերության ղեկավարի մորը թույլ են տվել մնալ որդու մոտ, հայտնել է փաստաբանը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Հիշեցնենք, որ «Ուրալկալիում» ընկերության ղեկավարը կալանավորվել էր Մինսկում` օգոստոսի վերջին, Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի հրավերով կայացած հանդիպումից հետո: Բաուգերտներին կասկածում են հանցավոր սխեմայի կազմակերպման մեջ, որի նպատակն էր իբր պարարտանյութերի վաճառքի վերահսկողության նվաճումը:




























