Հայաստանի ու Բելառուսի ժողովուրդների միջեւ հաստատվել են միանգամայն վստահելի, ազնիվ, եղբայրական հարաբերություններ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Բելառուսի փոխվարչապետ Անատոլի Տոզիկը:
Նրա խոսքով երկու երկրների միջեւ ակտիվ կապեր կան ոչ միայն տնտեսական, այլ նաեւ սոցիալական ոլորտում: «Ես չեմ կարող անգամ անվանել մի բնագավառ, որում մեր հարաբերությունները չեն զարգանում: Ընդ որում, դրանք զարգանում են բավական արագ: Մեզ դա բավարարում է: Կարծում եմ, հայկական կողմին եւս: Ես ցանկանում եմ, որ մեր ժողովուրդների բարեկամությունը շարունակվի: Հատկապես այն բանից հետո, երբ հայտարարվեց Հայաստանի ցանկության մասին միանալ Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի տնտեսական միությանը (Մաքսային Միություն): Դա հիանալի կլինի: Մենք ավելի մոտ կդառնանք, բարեկամությունը կխորանա»,- ընդգծել է Անատոլի Տոզիկը:
Ինչպես նշել է փոխվարչապետը, այսօր երկու երկրների միջեւ սոցիալական ասպարեզում ամենահեռանկարային ուղղությունը կրթությունն ու առողջապահությունն են: «Կարծում եմ շուտով հստակ արդյունքներ կստանանք»,- վստահորեն նշել է Անատոլի Տոզիկը:




























