Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը տարածաշրջան կատարած իր առաջին այցի ընթացքում ասել էր, որ այս անգամ այստեղ է եկել լսելու եւ իմանալու համար: «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությանը տված հարցազրույցում համանախագահն ասել է, որ ինքը բոլոր կողմերից լսել է հստակ մի ուղերձ, որ բոլորն են ուզում գտնել խաղաղ կարգավորման ճանապարհ: «Ուղերձը, որ լսեցի, միայն քաղաքական ղեկավարությունից չէր, այլ նաեւ մյուսներից, ովքեր ասում էին, որ արդեն իրոք եկել է հակամարտությունը լուծելու ժամանակը, ոչ մի կողմ չի ցանկանում հակամարտության վերսկսում, եւ ես աշխատելու եմ բոլոր կողմերի հետ գտնելու առաջ գնալու համար անհրաժեշտ կառուցողական եղանակներ»,- նշել է Ջեյմս Ուորլիքը:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի ելույթներին, որտեղ նա հայերին ֆաշիստներ է անվանում, սպառնում իր երկրի բանակի հզորությամբ, հպարտանում 9.5 միլիոն բնակչությամբ, համանախագահը հիշեցրել է Մինսկի խմբի՝ հռետորաբանությունից խուսափելու մասին հայտարարությունը եւ ասել. «Հանդիպել եմ նախագահ Ալիեւին եւ գիտեմ, որ նա նույնպես ցանկանում է խաղաղ կարգավորում, ու ուզում եմ կրկնել, որ կողմերը իրենց ժողովրդին պետք է պատրաստեն խաղաղության, ոչ թե պատերազմի»:
Նա կարեւորում է հակամարտությունը լուծելու գործում փոխզիջումների տարբերակը: «Ես ինքս չունեմ ճանապարհային քարտեզ»,- ասել է Ջեյմս Ուորլիքը՝ հավելելով, որ ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ Մինսկի խմբի երկրների գործը չէ նման քարտեզի տրամադրումը, բայց նա հույս ունի, որ հակամարտության բոլոր կողմերը կդրսեւորեն քաղաքական կամք առաջ գնալու բանակցությունների եղանակով:
Նյու Յորքում առաջիկա օրերին Մինսկի խմբի երեք համանախագահների կայանալիք հանդիպմանը Ուորլիքը ներկայացնելու է իր տպավորությունները տարածաշրջան կատարած առաջին այցից: Առաջին անգամ շփման գծում լինելու փաստը վստահեցրել է լարված վիճակ լինելու մասին: «Այստեղ հասկացա, թե ինչքան կարեւոր է ամեն ինչ անել թշնամական գործողությունները դադարեցնելու համար, հակամարտություն, որը չի բխում Հայաստանի եւ Ադրբեջանի շահերից»,- նշել է Ջեյմս Ուորլիքը:
Հարցին, թե Հայաստանի՝ Մաքսային միության միանալը կանդրադառնա խաղաղության գործընթացի եւ հակամարտության նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքի վրա, համանախագահը պատասխանել է. «Հայաստանը ինքը պետք է եւ ինքն է կատարում իր ապագայի շուրջ ընտրություն, գիտեմ, որ Հայաստանը ուզում է Եվրոպայի հետ ունենալ ապագա, պարզապես պետք է սպասել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները»:





























