Սեպտեմբերի 26-ին մեկնարկել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային այցելությունը Նյու-Յորք։
Էդվարդ Նալբանդյանի օրակարգի առաջին կետը ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի, Ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի եւ Արեւելյան գործընկերության նախաձեռնության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցությունն էր։ Հանդիպման ընթացքում արծարծվել են Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Հայաստանի արտգործնախարարի եւ Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդյե Բուրխալտերի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են 2014թ. ԵԱՀԿ-ում շվեյցարական նախագահության առաջնահերթությունները, մտքեր փոխանակվել կազմակերպության գործունեության վերաբերյալ։
ՄԱԿ-ի կենտրոնակայանում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի անունից ստորագրել է «Միգրանտ աշխատողների եւ նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիան»։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի եւ Չիլիի արտգործնախարար Ալֆրեդո Մորենոյի հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները, երկուստեք կարեւորվել է իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը, միջազգային կազմակերպություններում համագործակցության հաստատումը, արտգործնախարարությունների միջեւ խորհրդակցությունների հաստատումը։
Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ էր։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ օրակարգային հարցերի, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։





























