ՄԱԿ-ում՝ ՀՀ մշտական ներկայացուցչությունում, Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վանուատուի փոխվարչապետ, արտգործնախարար Էդվարդ Նիպակե Նատապեիի հետ։ Երկու երկրների արտգործնախարարները ստորագրել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համատեղ հայտարարությունը։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ստորագրման արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում նախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների ձեւավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերի շուրջ։
Նյու Յորքում Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էնվեր Հոջայի հետ հանդիպման ժամանակ վերջինս Էդվարդ Նալբանդյանին է ներկայացրել ԵՄ հովանու ներքո Սերբիայի հետ հաշտեցման գործընթացը։
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ թեեւ Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, սակայն նման կարգի հանդիպումները օգտակար են մտքերի փոխանակման համար:
Էնվեր Հոջայը երախտագիտություն է հայտնել Կոսովոյում հայ խաղաղապահների ծառայության համար։





























