Գերմանիայի կանցլերի պաշտոնի համար պայքարում Անգելա Մերկելի մրցակից, Գերմանիայի սոցիալ դեմոկրատական կուսակցության թեկնածու Պետեր Շթայնբրյուքը հայտարարել է մեծ քաղաքականությունից հեռանալու մասին:
Նրա մտադրության մասին հայտնի է դարձել կուսակցության Բեռլինում կայացած «փոքր համագումարի» ընթացքում, հաղորդում է Deutsche Welle-ն:
«Իմ կարիերան ավարտվում է»,- խոստովանել է Շթայնբրյուքը: Նա ընդգծել է, որ չի ձգտում պաշտոնների հասնել կուսակցությունում եւ խորհրդարանական խմբակցությունում: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ չնայած պարտությանը, կպահպանի մանդատը Բունդեսթագում, հաղորդում է РБК-ն:
Միաժամանակ Գերմանիայի սոցիալ դեմոկրատական կուսակցությունը բանակցություններ կսկսի Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն բլոկի հետ՝ «մեծ կոալիցիա» կազմելու շուրջ, ապա այդ հարցը դնի հանրաքվեի: Խորհրդակցությունները կարող են սկսվել հաջորդ շաբաթ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական միության եւ Քրիստոնեա-սոցիալական միության դաշինքը հաղթել է Գեմանիայի բունդսթագի ընտրություններում:
Ըստ ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների` պահպանողականների դաշինքը հավաքել է ձայների 41,5%-ը`այդպիսով գրանցելով լավագույն արդյունքը Արեւմտյան եւ Արեւելյան Գերմանիայի միավորումից ի վեր: Այնուամենայնիվ, այդ արդյունքը բավարար չի եղել բունդսթագում բացարձակ մեծամասնություն ունենալու համար, այդ պատճառով էլ կառավարություն ձեւավորելու համար ՔԴՄ/ՔՍՄ-ն պետք է դաշինքում ներառի այլ ուժերի, նշում է lenta.ru-ն:
Երկրորդ տեղում է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական ձախակենտրոն կուսակցությունը, որն ստացել էր ընտրողների ձայների 25,7%-ը: Խորհրդարան են անցնում նաեւ «Ձախերը» եւ «Կանաչները», որոնք ստացել էին համապատասխանաբար 8,6% եւ 8,4% ձայն:
Ներկայիս իշխող դաշինքում ՔԴՄ/ՔՍՄ-ի դաշնակից Ազատ դեմոկրատական կուսակցությունը խորհրդարան չի անցել` ստանալով միայն 4,8% ձայն` անհրաժեշտ 5% նվազագույնի փոխարեն: Ըստ վերլուծաբանների`ԱԴԿ-ի անհաջողությունը ՔԴՄ/ՔՍՄ-ին կստիպի դաշինք կազմել ԳՍԴԿ-ի հետ:





























