Պանամայի խորհրդարանի բանաձեւը ԼՂ խնդրի վերաբերյալ չի արտահայտում այդ երկրի պաշտոնական դիրքորոշումը։ Այս մասին, սեպտեմբերի 27-ին, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 68-ին նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նշել է  Պանամայի արտգործնախարար Ֆերնանդո Ֆաբրեգան:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարար Ֆաբրեգան ընդգծել է, որ իր երկրի Սահմանդրությամբ  արտաքին քաղաքականությունը հանդիսանում է Հանրապետության նախագահի իրավասությունը եւ Պանամայի կառավարության դիրքորոշումն է չեզոքություն պահպանել` նպատակ ունենալով նպաստել խաղաղ բանակցությունների միջոցով  հակամարտության կարգավորմանը:

Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները։ Երկուստեք նշվել է, որ մայրաքաղաքներում համատեղության կարգով դեսպանների հավատարմագրումը կնպաստի փոխգործակցության հաստատմանը: