Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանատուն:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ՉԺՀ կազմավորման 64-րդ տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդի եւ անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թիան Չանչունին եւ դեսպանատան անձնակազմին, ի դեմս նրանց նաեւ Չինաստանի բարեկամ ժողովրդին:

Սերժ Սարգսյանը խնդրել է դեսպանին իր ջերմ շնորհավորանքն ու լավագույն բարեմաղթանքները փոխանցել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին եւ հաջողություններ է մաղթել բարեկամ Չինաստանին՝ տարբեր ոլորտներում երկրի զարգացման ուղղությամբ հաստատուն առաջընթացի գործում:

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ դեսպան Թիան Չանչունը երկուստեք ընդգծել են, որ հայ-չինական բարձր մակարդակի հարաբերություններն ամուր հիմք են միջպետական երկկողմ կապերն առավել ամրապնդելու եւ փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու գործում: