ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում երեկոյան ժամերգության ժամանակ կրակել են քրիստոնյա քահանայի վրա: Այդ մասին սեպտեմբերի 29-ին հաղորդում է Associated Press-ը:
Սպանությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ի երեկոյան Լեյք-Չարլզ քաղաքում: Ականատեսների խոսքով՝ քարոզի ժամանակ եկեղեցի է մտել մի տղամարդ, մոտեցել քահանա Ռոնալդ Ջ.Հարրիսին (Ronald J. Harris) եւ որսորդական հրացանից երկու անգամ կրակել նրա վրա: Երբ քահանան ընկել է, տղամարդը եւս մեկ անգամ կրակել է ու փախուստի է դիմել:
Սպանության պահին եկեղեցում 60 մարդ է գտնվել, այդ թվում նաեւ քահանայի կինը:
Reuters-ի տվյալներով` հարձակումից քիչ անց ոստիկանության բաժանմունք է եկել մի տղամարդ ու հայտարարել, որ ինքը քահանայի է սպանել: Պարզվել է, որ նա նախկինում դատապարտված 53-ամյա Վուդրո Քերին է (նկարում): Նա ոստիկաններին ցույց է տվել այն վայրը, որտեղ նետել է սպանության գործիք հանդիսացող զենքը: Նրան արդեն դիտավորյալ սպանության մեղադրանք են ներկայացրել:
Հանցագործության դրդապատճառների մասին ոչինչ չի հայտնվում: Նաեւ պարզ չէ, արդյոք քահանան ու ձերբակալված Քերին նախկինում ծանոթ էին:





























