Թաիլանդում վերջին 10 օրվա ընթացքում ջրհեղեղի հետեւանքով տուժել է ավելի քան 2 մլն մարդ: Թաիլանդում արտակարգ իրավիճակների կանխարգելման դեպարտամենտի տվյալներով` առավել լուրջ վնասներ են կրել 30 նահանգներ, որոնք գտնվում են երկրի հյուսիսում, արեւելքում եւ հյուսիս-արեւելքում: Հորդառատ անձրեւներից ջրի տակ են անցել հազարավոր տներ ու հարյուրավոր ճանապարհներ: Մի շարք նահանգներում տեղաշարժը հնարավոր է միայն նավակներով կամ հատուկ տեխնիկայով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Թաիլանդի վարչապետ Յինգլակ Չինավաթը այսօր այցելել է Պրաչինբուրի նահանգ, որտեղ ջրի մակարդակն արդեն հասել է 2 մետրի: Իշխանությունների գնահատմամբ` աղետի գոտում իրավիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Որպես հումանիտար օգնություն այստեղ ուղարկել են ռետինե նավակներ, բրինձ ու չորացրած մրգեր: Իշխանությունների անհանգստությունն է հարուցում մի շարք ջրամբարների լցվելու փաստը, որոնք բնակիչներն օգտագործում են չոր եղանակների ժամանակ:

Միաժամանակ Թաիլանդի օդերեւութաբանության դեպարտամենտը սեպտեմբերի 29-ին նախազգուշացում է տարածել թագավորության հյուսիսարեւելյան ու արեւելյան հատվածում անձրեւների ուժեղացման մասին: Հորդառատ անձրեւներն իր հետ կբերի «Վուտիպ»  ահեղ փոթորիկը: