Նյույորքյան բորսայի նախկին աշխատակից Սաբիրհան Հասանոֆին դատապարտել են 18 տարի ազատազրկման եւ տուգանել $70 000 չափով: Դատավճիռը կայացրել է Նյու Յորքի դատարանը: Մեղադրող կողմի տվյալներով՝ Հասանոֆը մասնակցել է բորսայի շենքում ահաբեկչության կազմակերպմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Reuters-ը:

Ենթադրվում է, որ ԱՄՆ եւ Ավստրալիայի քաղաքացի Սաբրիհան Հասանոֆը 2008թ դավադրություն է կազմակերպել Եմենում «Ալ-Քաիդայի» ներկայացուցիչների հետ, որոնք ֆինանսավորել են նրան եւ ահաբեկչություն նախապատրաստել: Չարագործը վաղուց է հայտնվել ամերիկյան հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում եւ ձերբակալվել է 2010թ՝ ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու մեղադրանքով: Երկու տարի անց նա խոստովանել է իր մեղքը:

Վերջին խոսքում նա ամբողջությամբ ներկայացրել է իր գործողությունների պլանն ու ներողություն խնդրել դատարանից ու հարազատներից: