Բրիտանական իշխանությունների կողմից նախօրեին երկրից արտաքսված իսրայելցի դիվանագետին կփոխարինի «Մոսսադ» հետախուզական ծառայության աշխատակիցը։ Այս մասին հաղորդում է BBC-ին ՝ վկայակոչելով իսրայելական ռադիոկայանները։

The Guardian պարբերականը այսօրվա համարում նշել է, որ Լոնդոնից արտաքսված դիվանագետը «Մոսսադ» հետախուզական ծառայության բարձրաստիճան պաշտոնյա է եղել։

Նշենք, որ նրան պերսոնա նոն-գրատա հայտարարեցին այն բանից հետո, երբ պարզվեց, որ անգլիական կեղծ անձնագրերով իրականացվել է հատուկ գործողություն, ինչի արդյունքում Դուբայում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդներից մեկը։

Միացյալ Թագավորության արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդը, մարտի 23-ին ելույթ ունենալով խորհրդարանում՝ հայտարարել է, որ ոստիկանությունն անժխտելի ապացույցներ ունի, որ անձնագրերի կեղծմանը մասնակցություն է ունեցել նաեւ Իսրայելը։

Այս կապակցությամբ Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ավիգդոր Լիբերմանը ափսոսանք է հայտնել՝ ընդգծելով, որ սկանդալին իսրայելցիների մասնակցության մասին ոչ մի ապացույց էլ չկա։

Միեւնույն ժամանակ Իսրայելի արտգործնախարարության անանուն աղբյուրը հայտնել է, որ Իսրայելը պատասխան պատժամիջոցներ անգլիացի դիվանագետների նկատմամբ չի կիրառի։