Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, այցով գտնվելով Վենեսուելայում, հարցազրույց է տվել տեղական ծովափերից մեկում` մի վարտիքով:

Արգենտինական Diario La Nacion թերթին հարցազրույց տալիս Լուկաշենկոն հագած է եղել Բելառուսի պետական դրոշի գույներով կանաչ եւ կարմիր վարտիք, իսկ լրագրողը եղել է կիսատաբատով:

Հարցազրույցի սկզբում բելառուսցի առաջնորդը հայտնել է, որ ծովափին մերկ դեռ ոչ ոքի հետ չի խոսել:

Զրույցի ընթացքում, ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, նախագահը, մասնավորապես նշել է, թե Բելառուսը լավ հարաբերություններ է ակնկալում լատինաամերիկյան բոլոր երկրների ղեկավարներից:

«Մենք շատ խաղաղ, կանխատեսելի, բարեկիրթ մարդիկ ենք, եւ կարեւոր չէ, թե որ երկրների հետ ենք զրույց վարում, մենք միշտ ելնում ենք նրանից, որ պետք է ոչ միայն վերցնենք, այլեւ տանք»,- ասել է Լուկաշենկոն:

Նա նաեւ լրագրողին հրավիրել է Բելառուս:

Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Լատինական Ամերիկայի երկրներ սկսվել է մարտի 15-ին: Մեկ շաբաթում նա եղել է Վենեսուելայում եւ Բրազիլիայում: