«Ագրոսպասարկում ասյօր գոյություն չունի, ինչը գյուղատնտեսության ամենամեծ պրոբլեմներից մեկն է, մշակաբույսերի ագրոտեխնիկական կանոններ չկան, չկա խորհրդատվություն, գյուղատնտեսության աջակցության մարզային կոմիտեները գործում են ձեւականորեն: Ամբողջ Հայաստանում 50-60 մասնագետ են, որով անհնար է գյուղատնտեսությունը գիտական հիմքերի վրա դնել, անհնար է ինտենսիվ գյուղատնտեսություն վարել»,- մարտի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձաժողովի անդամ Բագրատ Սարգսյանը:

Անդրադառնալով հակակարկտային կայաններին՝ պատգամավորը նշել է, թե դրանք քիչ են տեղադրված: Հատկապես այն դեպքում, երբ կայանները այսօր արտադրվում են Հայաստանում եւ համեմատաբար էժան են: Նշենք, որ մեկ հակակարկտային կայանը արժե մոտ 15 հազար դոլար եւ ընդգրկում է 100 հեկտար տարածք: «Կարելի է արագ տեղադրել եւ վտանգավոր գոտիները փակել, այլապես ամեն տարի գյուղատնտեսությունը միլիարդների վնաս է ունենում կարկուտի պատճառով»:

Որպես լուծում Բագրատ Սարգսյանը առաջարկել է. «Հարկային եւ մաքսային քաղաքականություն պիտի իրականացնի պետությունը, որպեսզի ներքին արտադրողի համար ստեղծեն բարենպաստ պայմաններ։ Պետությունը պարտադիր պետք է միջամտի մթերման գործընթացին: Գնային քաղաքականություն պետք է վարի, գյուղատնտեսական մթերքների վերաբերյալ պետք է սահմանի մինիմում եւ մաքսիմում գներ»: