Հայաստանից Բունդեսթագի Միջազգային խորհրդարանական կրթաթոշակին հավակնող երիտասարդների ընտրության նպատակով` հոկտեմբերի 9-ին եւ 10-ին Հայաստանում է գտնվելու Վոլֆգանգ Բյորնզենը (Բյոնստրուպ):
Ընտրական հարցազրույցներից բացի Բունդեսթագի անդամ Բյորնզենը հանդիպում կունենա ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի եւ հայ-գերմանական պատգամավորական խմբի նախագահ Արտակ Դավթյանի հետ:
ՄԽԿ-ի շրջանակում 28 երկրների ընդհանուր թվով 120 կրթաթոշակակիրներ Գերմանիայի Բունդեսթագի լիարժեք կրթաթոշակով 2014թ. մարտի 3-ից մինչեւ 2014թ. հուլիսի 31-ը հնարավորություն կստանան ծանոթանալու Գերմանիայի խորհրդարանական համակարգին: Ծրագրի նպատակը մասնակիցներին քաղաքական ործընթացներին եւ ժողովրդավարական որոշումների կայացմանն անմիջականորեն առնչվելու հնարավորություն տալն է: Կրթաթոշակակիրներն աշխատում են Բունդեսթագի որեւէ պատգամավորի գրասենյակում, միաժամանակ գրանցվում Բեռլինի համալսարաններից որեւէ մեկում` ուսանողի կարգավիճակով մասնակցելու դասախոսությունների եւ ուսումնական այլ ձեւաչափերի:
Ծրագիրն անցկացվում է Գերմանիայի Բունդեսթագի նախագահի բարձր հովանու ներքո եւ երեք բեռլինյան համալսարանների հետ համագործակցությամբ: Բունդեսթագը ստանձնում է ճամփորդական, կացության եւ ապահովագրական բոլոր ծախսերը` ներառյալ ամսական կրթաթոշակը:Ամեն տարի դեկտեմբերից Երեւանում Գերմանիայի դեսպանությունն ընդունում է ՄԽԿ ծրագրի մասնակցության հայտեր: Ծրագրի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել www . bundestag . de / ips կայքում:
Իր հայաստանյան այցի ընթացքում գերմանական պատվիրակությունը հանդիպումներ կունենա քաղաքական եւ կրթական ոլորտի ներկայացուցիչների հետ: Նախատեսված է նաեւ հանդիպում ՄԽԿ նախկին կրթաթոշակակիրների հետ: Բազմաթիվ երկրներում ՄԽԿ նախկին կրթաթոշակակիրները միավորվել են միությունների շրջանակում` միջմշակութային երկխոսությունը շարունակելու եւ համագործակցային ցանց հիմնելու նպատակով:





























