Լիտվայի ռադիոյի եւ հեռուստատեսության հարցերով հանձնաժողովն արգելել է «Առաջին բալթյան հեռուստաալիքի» եթերում ռուսական արտադրության  հաղորդումների վերահեռարձակումը:

Հանձնաժողովը որոշել է ամբողջությամբ չդադարեցնել «Առաջին բալթյան հեռուստաալիքի» հեռարձակումը, այլ արգելել միայն այն հաղորդումները, որոնք պատրաստվում են ԵՄ-ի կազմում չընդգրկված երկրներում: «Եթե խոսենք կոնկրետ այդ ալիքի մասին, ապա չի կարելի Լիտվայում հեռարձակել այն հաղորդումները, որոնք պատրաստվել են Ռուսաստանում»,-ասված է հանձնաժողովի որոշման մեջ:

Հանձնաժողովը հատուկ ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ ռուսական հաղորդումները կազմում են «Առաջին բալթյան հեռուստաալիքի» եթերի 70 տոկոսը, հաղորդում է Delfi.lt-ը:

Հիշեցնենք, որ «Առաջին բալթյան հեռուստաալիքի» հեռարձակումը կասեցվել էր 3 ամսով այն բանից հետո, երբ հեռուստաալիքը ցուցադրել էր ռուսական «Մարդը եւ օրենքը» հաղորդումը՝ 1991-ին Վիլնյուսում տեղի ունեցած դեպքերի մասին: Հաղորդման ժամանակ հարցազրույցներ են տվել «Ալֆա» խմբի հրամանատար Միխայիլ Գոլովատովը, ով մասնակցել է Վիլնյուսի հեռուստաաշտարակի գրոհին, եւ այլ ականատեսներ, որոնք հերքել են Լիտվայի խաղաղ բնակիչների դեմ զինվորականների գրոհի փաստը:

Լիտվան դադարեցրել է  ռուսական «Առաջին ալիքի» հեռարձակումը

Ռուսական «Առաջին ալիքի» ղեկավարությունը հայտարարել է, որ Լիտվայում խոսքի ազատության մասին խեղաթյուրված պատկերացում կա: