ԱՄՆ-ն կտրուկ կրճատել է Եգիպտոսին տրամադրվող ռազմական օգնության ծավալը: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտից հայտնել են, որ  վերանայվել են Եգիպտոսին Apache ամերիկյան ուղղաթիռների, Harpoon հականավային հրթիռներ եւ տանկերի պահեստամասեր մատակարարելու ծրագրերը: Բացի դրանից, ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել Եգիպտոսին 260 միլիոն դոլար ֆինանասկան օգնություն  տրամադրելը:

Եգիպտոսին տրամադրվող ռազմական օգնության կրճատումը կապված է այն բանի հետ, որ զինվորականների աջակցությամբ իշխանության եկած նոր կառավարությունը դադարեցրել է ժողովրդավարության զարգացումն այդ երկրում, պարզաբանել են ԱՄՆ-ի արտաքին գործերի գերատեսչությունից, հաղորդում է «lenta.ru»-ն:

Եգիպտոսին ԱՄՆ-ի ցուցաբերած  2013թ. ռազմատնտեսական օգնության ծրագիրըգնահատվել էր 1,3 միլիարդ դոլար: Կահիրեին ցուցաբերվող օգնությունն ԱՄՆ-ի կողմից  դադարեցնելու վերաբերյալ լուրը հայտնվել էր անմիջապես հուլիսի 3-ին` զինվորականների կողմից նախագահ Մուհամեդ Մուրսիին պաշտոնանկ անելուց հետո:

Հուլիսի 24-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր  Եգիպտոս ամերիկյան F-16 ռմբակոծիչների մատակարարումը դադարեցնելու մասին, իսկ օգոստոսի 15-ին հայտարարել էր «Պայծառ աստղ» ամերիկա-եգիպտական  համատեղ զորավարժությունները չեղյալ հայտարարելու մասին: Օգոստոսի վերջին ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով ԱՄՆ-ի Սենատի եւ նախագահի աշխատակազմի աղբյուրները,  հայտնել էին, որ Եգիպտոսին տրամադրվելիք ռազմական օգնությունը փաստորեն չեղյալ է հայտարարվել: