Եվրախորհրդարանի կողմից Հայաստանի հետ վիզային ռեժիմը պարզեցնելու եւ ռեադմիսիայի մասին համաձայնագրին հավանություն տալը լավ «մեսիջ» է ուղղված Երեւանին, որ Բրյուսելը մտադիր է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

«Ես նախկինում էլ վստահ էի, որ Եվրամիությունը հակված է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունն ու ինտեգրացիան, եթե նույնիսկ չլիներ այդ համաձայնագիրը: Դա բազմիցս ցուցադրվել է ինչպես Բրյուսելի եւ եվրոպական առաջատար պետությունների ներկայացուցիչների, այնպես էլ՝ հայ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից»,-նշեց Մինասյանը՝ հույս հայտնելով, որ այդ միտումը կշարունակվի նաեւ «Արեւելյան գործընկերության» Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք գագաթաժողովի ընթացքում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին, Եվրախորհրդարանը հավանություն է տվել ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ վիզային ռեժիմի պարզեցման եւ ռեադմիսիայի համաձայնագրին: Այդ պահից սկսած, Հայաստանի քաղաքացիները առավել քիչ խոչընդոտների կբախվեն ԵՄ երկրներ կարճաժամկետ այց կատարելիս:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am