Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկի  կտրականապես համաձայն չէ այն կարծիքի հետ, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշմամբ Հայաստանը «գցեց» Լեհաստանին: Հիշեցնենք, որ հարցը կապված է նրա հետ, որ Լեհաստանը «Արեւելյան գործընկերության» նախաձեռնությունից է, եւ Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը պատճառ է դարձել նոյեմբերին նախատեսվող ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագրի նախաստորագրումը չեղյալ հայտարարելու համար:

«Ինչպես մարդկային հարաբերություններում, այնպես էլ պետությունների միջեւ կա փոխադարձ վստահություն: Հայաստանն ու Լեհաստանը հրաշալի հարաբերություններ ունեն»,-ընդգծել է դեսպանը: Նա հիշեցրել է Հայաստանի նախագահի այցելությունը Լեհաստան եւ Վարշավայում հայկական խաչքարի տեղադրությունը: «Լեհ հասարակությունը եւ իշխանությունները ցույց են տվել իրենց հարգանքը հայկական պետության նկատմամբ: Մի կասկածեք, Լեհաստանը ԵՄ-ում Հայաստանի փաստաբանն է լինելու այն ձեւով, ինչպես որ կցանկանա Հայաստանը»,-եզրափակել է Զդիսլավ Ռաչինսկին: