Հայաստանում Լեհաստան արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին կոչ է արել չմոռանալ Հայաստանի եւ ԵՄ հարաբերություններում նվաճումների մասին:

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ելույթ ունենալով՝ նա բացատրել է, թե ինչու այս փուլում հնարավոր չէ Ասոցացման մասին համաձայնագրի նախաստորագրումը: Նրա խոսքով՝ եթե պատկերավոր խոսել, Ասոցացման մասին համաձայնագիրը կարելի է ավտոմեքենա կոչել: Այդ ավտոմեքենան պետք է օգներ Հայաստանին դեպի ԵՄ ուղու վրա: Ընդ որում, նա հիշեցրել է, որ ավտոմեքենայի ղեկին հայերն են, այլ ոչ եվրոպացիները: Եթե Հայաստանը պատրաստ է ստորագրել համաձայնագրի քաղաքական մասը, առանց տնտեսականի, ապա կստացվի, որ մեքենան մնում է առանց ղեկի, անիվների եւ շարժիչի:

Նրա խոսքով՝ չնայած որ այս փուլում Ասոցացման մասին համաձայնագիրը չի նախաստորագրվի, այնուամենայնիվ, չի կարելի մոռանալ նվաճումների մասին: «Գուցե ես լավատես եմ, սակայն Հայաստանի ուղին դեպի ԵՄ չի ավարտվել: Ավելի շուտ, մի  փոքր տեմպն է նվազել»,-կարծում է դեսպանը:

Պատասխանելով այն հարցին, թե ԵՄ դիրքորոշումը առաջին խիստ արաձագանքից հետո փոխվել է եւ թե ինչով է դա պայմանավորված, դեսպանն ընդգծել է, որ վիրավորվածի դեր խաղալով ճիշտ քայլ չես անի: Նրա խոսքով՝ ամեն ինչ կախված է հայկական կողմից, թե ինչ մակարդակում եւ ինչ տեմպերով կցանկանա համագործակցել ԵՄ հետ: