Հայաստանը, ինչպես նաեւ ԵՄ-ի «Արեւելյան գործընկերության» ծրագրի մասնակից մյուս երկրները, Եվրոպայի համար որոշակի արժեք է ներկայացնում, ընդ որում խոսը միայն տնտեսության մասին չէ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, մամուլի ասուլիսում նշել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Անդրադառնալով NEWS.am-ի հարցին՝ կապված Եվրախորհրդարանի կողմից Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ վիզային ռեժիմի պարզեցման եւ ռեադմիսիայի համաձայնագրին հավանություն տալու հետ, քաղաքագետն ընդգծել է, որ այդ փաստը չի հանդիսանում վկայություն, որ Եվրոպան շարունակելու է Հայաստանի հետ համագործակցությունը:
«Համագործակցության հետագա խորացումը կախված է լինելու նրանից, թե որքան հեռուն կարող է գնալ Հայաստանը՝ հաշվի առնելով իր մյուս դաշնակիցների շահերը: Դա կախված է նաեւ նրանից, թե Եվրոպան որքանով պատրաստ կլինի դրան»,-նշել է Իսկանդարյանը՝ հավելելով, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը կշարունակվի հենց Վիլնյուսում, քանի որ «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովը ոչ ոք չեղյալ չի հայտարարել, եւ այդ գագաթաժողովը միայն ասոցացման համաձայնագրի ստորագրմանը չի վերաբերում:
Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ «Արեւելյան գործընկերության» երկրների շարքում իրականում գոյություն ունի Ուկրաինայի ձեւաչափը, երկրորդ ձեւաչափը Մոլդովան է եւ Վրաստանը: Բոլոր այդ երկրները կվավերացնեն Ասոցացման համաձայնագիրը: «Կա նաեւ Բելառուսի եւ Ադրբեջանի ձեւաչափը, որոնց հետ համաձայնագիրը չի ստորագրվի եւ կա Հայաստանը, որը գտնվում է այդ ձեւաչափերի միջեւ: Հայաստանի ձեւաչափը դեռ պետք է մշակել»,-ամփոփել է Իսկանդարյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























