Լիտվան շահագրգռված է Հայաստանի հետ բազմաբնույթ հարաբերությունների, այդ թվում` միջխորհրդարանական փոխգործակցության  զարգացմամբ ու ամրապնդմամբ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Երեւանում, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակ Գեդիմինաս Կիրկիլասը:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ արտգործնախարար Նալբանդյանը գոհունակություն է հայտնել վերջին տարիներին դինամիկ կերպով զարգացող հայ-լիտվական հարաբերությունների կապակցությամբ: Նա հատկապես կարեւորել է երկու երկրների միջեւ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը եւ զարգացող հումանիտար կապերը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակն ասել է, որ Լիտվան շահագրգռված է Հայաստանի հետ բազմաբնույթ հարաբերությունների, այդ թվում` միջխորհրդարանական փոխգործակցության  զարգացմամբ ու ամրապնդմամբ:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ համագործակցությանը, Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին: Այս համատեքստում նախարար Նալբանդյանն անդրադարձել է մեկ ամիս առաջ Վիլնյուս կատարած իր այցելությանը եւ լիտվացի գործընկերոջ՝ Լինաս Լինկյավիչուսի հետ հանդիպմանը, որի ընթացքում նախարարները համամիտ էին, որ hարկավոր է առաջ մղել Հայաստան  - Եվրոպական Միություն հարաբերությունները՝ հիմնվելով վերջին տարիներին համատեղ արձանագրած ձեռքբերումների վրա։