Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ընդունել է «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Վոլֆգանգ Բյորնզենին եւ կարեւորել Գերմանիայի հետ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կապակցությամբ, հատկապես կարեւորել է երկու երկրների խորհրդարանների միջեւ առկա սերտ համագործակցությունը՝ օրենսդիր մարմինների ղեկավարների փոխայցելությունները եւ միջխորհրդարանական բարեկամության խմբերի շփումները։ 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել Բյորնզենի գործունեությունը՝ որպես «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարին եւ Լեռնային Ղարաբաղ կատարած նրա այցելությունը:

Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում  հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացման, Հայաստան-ԵՄ համագործակցության եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: