Twitter-ում Իսրայելի բանակի պաշտոնական էջում ՑԱԽԱԼ-ի գրառումը՝ 1973թ. պատերազմի մասին, Նյու Յորքի բորսայում նավթի գների աճի պատճառ է դարձել։
ՑԱԽԱԼ-ի թվիթերում հաղորդագրություն էր հայտնվել` «Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվում են Սիրիայի օդանավակայանների վրա` խորհրդային զենքը սիրիական բանակի ձեռքն ընկնելը կանխելու համար»: AFP-ն հայտնում է, որ թվիթը նշված է եղել #YomKippur73 հեշթեգով, որը պարզաբանում էր, որ խոսքը հենց 1973թ. պատերազմի մասին է:
Հաղորդագրության հայտնվելուց հետո մինչ այդ մեկ բարելը 101,6 դոլար արժեցող նավթի գինը հասել է 103 դոլարի, հայտնում է «lenta.ru»-ն:
Շուկայի մասնակիցները AFP-ին պատմել են, որ գների աճը հավանաբար կապված է եղել նրա հետ, որ հաղորդագրության հայտնվելուց հետո «Սիրիա» եւ «Իսրայել» բառերով լուրեր վերլուծող համակարգչային ծրագրերը կարող էին ավտոմատ սկսել նավթ գնել:





























