Ադրբեջանի նախագահական ընտրությունները միջազգային ստանդարտներին չեն համապատասխանել, հայտարարել է ԱՄՆ պետքարտուզարության ներկայացուցիչ Մարի Հարֆը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն մշտապես կոչ է արել Ադրբեջանին ապահովել ազատ եւ արդար ընտրական գործընթաց եւ հարգել խոսքի եւ հանրահավաքների իրավունքը: «Մենք ցավով ենք եկել այն եզրակացության, որ այս ընտրությունները միջազգային ստանդարտներին չեն համապատասխանել».-ընդգծել է Հարֆը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում համամիտ են ԵԱՀԿ առաքելության եւ այլ կազմակերպությունների գնահատականների հետ, որոնց համաձայն բազմաթիվ ընտրախախտումներ են եղել: Այդ խախտումների թվում Հարֆը մատնանշել է քվեաթերթիկների լցոնումը, դրանց հաշվարկման հետ կապված խնդիրները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հարֆը նաեւ ընդգծել է, որ Ադրբեջանի կառավարությունը սատարել է քաղաքական ռեպրեսիաների մթնոլորտին՝ իշխանությւոնները խոչընդոտել են մամուլի եւ քաղաքացիական հասարակության գրծունեությանը, բռնություն են կիրառել հանրահավաքնեը ցրելիս եւ երիտասարդական ու ընդդիմադիր ակտիվիստներին բանտարկել են:
Հիշեցնենք, որ ադրբեջանական ընդդիմությունը հայտարարել էր ընտրությունների արդյունքների զանգվածային կեղծման մասին եւ չի ճանաչել Իլհամ Ալիեւի հաղթանակը:





























