«Ազատ Եվրոպա» ռադիոյի մոլդովական  բյուրոյի լրագրող Վասիլի Բոտնարուն գինով նկարել է Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոյի դիմանկարը:

Ըստ լրագրողի՝ նկարը հանրությանը կներկայացվի առաջիկայում:

 «Դիմանկարը պատրաստ է, բայց դեռ ոչ ոք չի տեսել, անգամ Օնիշչենկոն: Ամեն ինչ իր ժամանակն ունի», - ասել է Բոտնարուն ՝ հավելելով, որ այդկերպ ցանկանում է «Քիշնեւից սիրով  դիմել Կրեմլին: Դեռ հայտնի չէ՝ նա մտադիր է դիմանկարը նվիրել «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավարին, թե ոչ:

Լրագրողը նշել է, որ նկարում է «բացառապես տնական գինով՝ ավանդական բեսարաբիական տեսակի:

Նրա նկարները ցուցադրվել են Գերմանիայում, Չինաստանում եւ Էստոնիայում, հոկտեմբերին կներկայացվեն նաեւ Ֆրանսիայում, հայտնում է «Կոմսոմոլսկայա Պրավդան»:

Հիշեցնենք, սեպտեմբերի 10-ին «Ռոսպոտրեբնադզոր»-ը բեռնարգելք էր կիրառել մոլդովական գինու նկատմամբ՝ պատճառաբանելով անբավարար որակը: Քիշնեւում կարծում են, որ որոշումը քաղաքական ենթատեքստ ուներ եւ կապված էր Մաքսային միությանն անդամակցությունից Մոլդովայի հրաժարվելու հանգամանքով: