Էրեբունի-Երեւան 2795-ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երեւանում գտնվող Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահ Նիլ Ուշակովի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հանդիպել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրերին, Երեւանի քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել նրանց հրավերն ընդունելու եւ Երեւանի տոնին մասնակցելու համար, ընդգծելով, որ Երեւանի ու Ռիգայի միջեւ ձեւավորված բարեկամական ջերմ հարաբերությունները, որոնք այս տարվա հուլիսին կնքված եղբայրացման մասին համաձայնագրով էլ ավելի ամրապնդվեցին, արդեն իսկ լավ հիմք են նախատեսված ծրագրերը կյանքի կոչելու համար. «Երեւանի եւ Ռիգայի միջեւ բարեկամական եւ գործընկերային հարաբերությունների զարգացումը հիմնված է մեր երկրների եւ ժողովուրդների բարեկամության վրա, որի ապացույցն է վերջին տարիներին հաճախակի դարձած երկկողմ այցերը: Վստահ եմ, որ մենք կկարողանանք կյանքի կոչել Ռիգայում ստորագրված եղբայրացման մասին համաձայնագրով նախատեսված բոլոր կետերը եւ իրականացնել տարբեր ծրագրեր ի բարօրություն մեր մայրաքաղաքների: Հուսով եմ, որ հերթական Ձեր այս այցից եւս տպավորված կվերադառնաք Ռիգա»,- նշել է Տարոն Մարգարյանը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահ Նիլ Ուշակովը նախ շնորհավորել է Տարոն Մարգարյանին Երեւանի տոնի կապակցությամբ, ապա ընդգծել, որ երկու մայրաքաղաքների միջեւ առկա ջերմ հարաբերություններն անպայման կունենան փոխշահավետ զարգացումներ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում. «Երեւանում, ինչպես միշտ, ընդունելությունն իսկապես ջերմ է եւ յուրաքանչյուր անգամ ես այստեղից հեռանում եմ հրաշալի տպավորություններով: Հենց երկու մայրաքաղաքների միջեւ ձեւավորված այս ջերմ ու բարեկամական հարաբերությունների արդյունքում է, որ մեր համագործակցությունն իսկապես համարում եմ հաջողված»,- նշել է Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահը:





























