Մտահոգիչ է, որ Լատինական Ամերիկայում, ԱՊՀ երկրներում հայ երիտասարդությունը համարյա չի խոսում հայերեն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Երեւանում, ԱՊՀ երկրների հայ համայնքների ղեկավարների եւ ներկայացուցիչների հավաք-հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Հավաք-հանդիպմանը մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, Ռուսաստանի Հայերի միության փոխնախագահներ Գեորգի Տեր-Ղազարյանը եւ Վլադիմիր Աղայանը, հայ համայնքների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, հյուրեր:

«ՀՀ սփյուռքի նախարարությունը շարունակում է իրականացնել տարբեր ծրագրեր, միջոցառումներ` հայոց լեզուն պահպանելու եւ տարածելու նպատակով», ասել է Հրանուշ Հակոբյանը:

Ներկաներին ողջունել եւ Սփյուռքում հայապահպանության խնդիրների մասին խոսել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նա մասնավորապես ասել է. «Վստահ եմ, որ այս հավաքը մեծապես կնպաստի Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը: Հայաստանը եւ Սփյուռքը ուժեղ են միասին: Երկու հայկական պետությունները` Հայաստանն ու Արցախը, այն ողնաշարն են, որի շուրջ պետք է համախմբվի սփյուռքը: Համահայկական կառույցների գլխավոր նպատակը պետք է լինի հայապահպանությունը, սփյուռքի ներուժի համախմբումը, ազգային ինքնության պահպանումը»:

«Ինչպես պահպանել լեզուն, հայրենիքի, ազգային ավանդույթների,  մայրենիի նկատմամբ հետաքրքրություն ու սեր սերմանել երիտասարդության մեջ» հարցի շուրջ ծավալվեց շատ լուրջ քննարկում:

Առաջարկություններով հանդես են եկել Բելառուսի, Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության` Մոսկվայի, Խաբարովսկի, Աստրախանի, Սոչիի, Սամարայի, Կալինինգրադի, Սակտ Պետերբուրգի, Տվերի հայ համայնքների ղեկավարները:

ՀՀ սփյուռքի նախարարն ամփոփել է ԱՊՀ երկրների հայ համայնքների ղեկավարների եւ ներկայացուցիչների հավաք-հանդիպումը, նախանշվել են հիմնախնդիրները, հստակեցվել հետագա անելիքները, առաջարկվել հնարավոր լուծումներ: