Պաղեստինի առաջնորդ Յասիր Արաֆաթն իսկապես կարող էր վախճանվել  ռադիոակտիվ ճառագայթման հետեւանքով: Այդ մասին գրում է Lancet ամսագիրը: Հրապարակման մեջ քնադատվում է նախորդ տարիներին Շվեյցարիայում անցկացված հետազոտությունները: Վերլուծելով Արաֆաթի անձնական իրերից վերցված նյութերի փորձանմուշները՝ գիտնականները հայտնաբերել են ճառագայթման բարձր մակարդակ, մասնավորապես, արյան, մեզի, թուքի, ատամի խոզանակի ու հագուստի վրա առկա բծերի փորձանմուշներում, հաղորդում է «Էխո Մոսկվի»-ն»:

Ինչպես հիշեցնում է «Ռոսբալտը», անցյալ տարվա նոյեմբերին Պաղեստինում փորձաքննության են ենթարկել Արաֆաթի մնացորդները` պարզելու նրա մահվան պատճառները: Ընդ որում, ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, Արաֆաթի մահվան հիմնական պատճառը լյարդի ցերոզն էր: Պաղեստինյան աղբյուրները բազմիցս Արաֆաթի մահվան մեջ մեղադրել են Իսրայելին:

Յասիր Արաֆաթը, Պաղեստինի ազգային ադմինիստրացիայի հիմնադիրն ու առաջին ղեկավարն էր, ով Իսրայելի հետ խաղաղ բանակցություններին մասնակցության համար Նոբելյան մրցանակի էր արժանացել, վախճանվել է 2004թ.-ի նոյեմբերի 11-ին Փարիզի զինվորական հոսպիտալում: