Սուդանի Դարֆուրում գրոհայինները հարձակվել են ՄԱԿ-ի եւ Աֆրիկյան միության համատեղ առաքելության խաղաղապահների վրա, զոհվել են Սենեգալից երեք խաղաղապահներ: Եվս մեկը վիրավորվել է:

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին` Էլ Ջենեյնա քաղաքում: Առաքելության հերթապահ ջոկատն ուղեկցում էր Էլ Ջենեյնայից արեւմտյան Դարֆուրում գտնվող խաղաղարարների կայան  խմելու ջուր մատակարարողներին: Հարձակվողներն առեւանգել էին մեքենան: Ավելի ուշ այն հայտնաբերել էին դեպքի վայրից 7 կմ հեռավորության վրա, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Գրոհայինների գործողությունները դատապարտել է Դարֆուրում ՄԱԿ-ի եւ ԱՄ-ի համատեղ հատուկ ներկայացուցիչ Մուհամեդ իբն Շամբասը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը Սուդանի իշխանություններին կոչ է արել դատել խաղաղարարների վրա հարձակվողներին: 

2003թ. Դարֆուրում   բախումների հետեւանքով զոհվել էր 300 հազար մարդ, 3 միլիոնը փախստական էր դարձել: Այդ շրջանում գործում են մի քանի ապստամբ խմբավորումներ: Նրանք պահանջում են պաշտպանել աֆրիկյան բնակչությանը «Ջանջավիդ»-ի  զինված խմբավորումներից, որոնք կազմված են  անասունները, հողը եւ աղբյուրները զավթած քոչվոր արաբների կողմից: