Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ԱԷՄԳ (ՄԱԳԱՏԷ) եւ Ռուսաստանը մարտի 29-ին համաձայնագիր են ստորագրելու աշխարհում առաջին ատոմային վառելիքի միջազգային բանկի ստեղծման մասին:
Ինչպես հաղորդել է «Վեդոմոստի» թերթին գործակալության ներկայացուցիչ Դանա Սաչետտին, բանկը գտնվելու է ԱԷՄԳ վերահսկողության տակ, եւ գործակալությունը վառելիքը տրամադրելուէ բոլոր այն երկրներին, որոնք ցանկանում են ատոմն օգտագործել խաղաղ նպատակներով: Իսկ ծախսերը կատարելու է ռուսական կառավարությունը: Համաձայնագիրը կնքելու են «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն եւ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիո Ամանոն:
Ձեւավորվելու է ցածր հարստացված ուրանի պաշար՝ այն քանակությամբ, որ բավարար է 1000 ՄՎտ հզորության ռեակտորի բեռնավորման համար: Այդ դեպքում վառելիքի գինը կազմելու է 100 մլն դոլար:
Ուրանի պաշարը ֆիզիկապես տեղակայվելու է Իրկուտսկի մարզի Անգարսկի պահեստում, որտեղ գտնվում է ուրանի հարստացման ռուսաստանյան խոշորագույն համալիրներից մեկը՝ Անգարսկի էլեկտրոլիզի քիմիական կոմբինատը:




























